«Այն կարող է տևել 2 շաբաթ». Ադրբեջանում խոսում են ԼՂ դեմ նոր ռազմական օպերացիայի մասին

Ադրբեջանական «Թուրան» գործակալության քաղաքական բաժնի խմբագիր Շահին Հաջիևը հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հնարավոր ռազմական գործողություններին, կանխատեսվող ագրեսիայի մասշտաբներին, հարձակման հնարավոր ուղղություններին և միջազգային արձագանքին։ Այս մասին փոխանցում է  Radar Armenian-ն: 

 

Հաջիևը  նշել է, որ Ադրբեջանի նպատակն է Լեռնային Ղարաբաղը «մաքրել հայկական անօրինական ռազմական խմբավորումներից»։ Հաջիևի հոդվածից տպավորություն է, որ, նկատի ունենալով ԼՂ ՊԲ-ի ցրումը իբրև պատերազմի առիթ՝ Ադրբեջանը դիտարկում է ուղիղ ռազմական գործողության տարբերակը։ Ըստ Հաջիևի՝ կան հարձակման մի քանի ուղղություններ՝ Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։

 

Հարվածի առաջնային ուղղությունը, ըստ հոդվածագրի, կլինի հենց ամենապաշտպանված՝ Մարտակերտի շրջանը, ապա Մարտունու շրջանը և Շուշիի կողմից հարձակմամբ կօղակվի Ստեփանակերտը։ Փառուխի ռազմավարական դիրքերի գրավումը, ըստ Հաջիևի, հնարավորություն են տվել Ադրբեջանին անարգել գրոհել Ասկերանի ուղղությամբ՝ կտրելով Մարտակերտ-Ստեփանակերտ ճանապարհը։

 

 Հաջիևի կանխավարկածով՝ հնարավոր պատերազմը կարող է տևել առնվազն 2 շաբաթ և ավարտվել Ադրբեջանի հաղթանակով՝ հաշվի առնելով, որ Հայաստանը օգնություն չի կարողանալու ցուցաբերել ԼՂ բնակչությանը, իսկ շրջափակման հետևանքով վերջինս լիովին զրկված է ինչպես մթերքներից, այնպես էլ տեխնիկական որևէ տեսակի սնուցումից, մասնավորապես՝ մեքենաների տեղաշարժի համար անհրաժեշտ վառելիքից։ 

 

Առավել հետաքրքրական են Հաջիևի գնահատականները միջազգային հանրության արձագանքի ու դերակատարման մասով։

 

Ըստ «Թուրանի» խմբագրի՝ իրավիճակին երրորդ կողմի միջամտության հավանականությունը ցածր է։ Ըստ նրա՝ «ռուս խաղաղապահները սակավաթիվ են և ֆիզիկապես անկարող են հետ պահել մի քանի հազար ադրբեջանական հատուկ ջոկատայիններին։ Բացի այդ, խաղաղապահները վաղուց են հասկացել, որ բոլոր հարցերը լուծվում են Բաքվի և Մոսկվայի միջև փակ դռների հետևում։ 

 

Ինչ վերաբերում է Արևմուտքին, ապա նա չունի Ադրբեջանին խոչընդոտելու կամ զսպելու ֆիզիկական հնարավորություն։ Բաքվի համար ամենամեծ խնդիրը կլինի միջազգային քննադատությունը և, հնարավոր է, որոշ պատժամիջոցներ»:  

Պատահարներ