Շոյգուն առաջին անգամ մեկնաբանել է ՌԴ-ում ռազմական ապստամբության փորձը
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն խորհրդակցության ժամանակ ունեցած ելույթի ժամանակ մեկնաբանել է «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ապստամբության փորձը։ Խոսելով «հունիսի 23-25-ին Ռուսաստանում իրավիճակն ապակայունացնելու փորձի» մասին՝ նա ասել է, որ ապստամբների ծրագրերը ձախողվել են, քանի որ Զինված ուժերի անձնակազմը հավատարմություն է դրսևորել երդմանը և մարտական պարտքին։
ՌԴ պաշտպանության նախարարը, որի հրաժարականը «Վագներ»-ի դեպի Մոսկվա «արդարության երթի» պահանջներից մեկն էր, առաջին անգամ է անդրադարձել այս իրադարձություններին։
«Սադրանքը չի ազդել զորքերի խմբավորումների գործողությունների վրա։ Զինծառայողները խիզախորեն և անձնուրաց շարունակել են լուծել իրենց առջև դրված խնդիրները։ Շնորհակալ եմ անձնակազմին բարեխիղճ ծառայության համար»,- ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ լույս 24-ը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ուժերը Դոնի Ռոստովում գրավել են Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի էր ունեցել Եվգենի Պրիգոժինի այն հայտարարության ֆոնին, թե իբր ՌԴ ԶՈւ–ն հրթիռառումբային հարվածներ է հասցրել «Վագներ»-ի ճամբարներին, ինչը հերքել էր և՛ ՊՆ–ն, և՛ ԱԴԾ–ն։ Պրիգոժինի դեմ զինված ապստամբություն կազմակերպելու հոդվածով քրեական գործ էր հարուցվել։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ապստամբների գործողությունները որակել էր «հանցավոր արկածախնդրություն», «հարված թիկունքից» և «դավաճանություն»։