Միջազգային չափորոշիչներով կենսաթոշակը պետք է լինի աշխատավարձի 40 %-ը. մենք շատ հեռու ենք դրանից. Գալստյան

Կառավարությունը հուլիսի 1-ից կբարձրացնի կենսաթոշակի և նպաստի չափը. Մասնավորապես, կբարձրանա նվազագույն կենսաթոշակի չափը, որը 31 600 դրամից դարձել է 36 հազար դրամ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին,  մամուլի ասուլիսի ժամանակ նշել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը:

 

«Սա նշանակում է, որ մոտավորապես մինչեւ 14 տարվա ստաժ ունեցող կենսաթոշակառուների կենսաթոշակը կկազմի 36 հազար դրամ:

Ավելացել է նաեւ հիմնական կենսաթոշակի չափը: Այն 21 հազար դրամից դարձել է 24 հազար դրամ:

Դա նշանակում է գործնականում բոլոր աշխատանքային կենսաթոշակները առնվազն 3 հազար դրամի չափով ավելանում են: Իսկ այն կենսաթոշակառուները, որոնց նվազագույն կենսաթոշակ էին ստանում, նրանցը կավելանա 4400 դրամով»,-նշել է նա:

 

 Նրա խոսքով` երբ մարդու կենսաթոշակն այնքան չէ, որ բավարարի իր նվազագույն կենսական պահանջները, ապա նման համեմատություններ ու դժգոհություններ  լինելու են:

 

«Մյուս կողմից, պետք է հասկանանք, որ կենսաթոշակն աշխատավարձ չէ, այն ապահովագրական համակարգ է: Այսինքն աշխատում ես, վճարումներ կատարում ես եւ երբ գալիս է այն տարիքը, որ չես աշխատում, կենսաթոշակի իրավունք տվող վճարներ կատարած լինելու դեպքում արդեն ստանում ես փոխհատուցում: Որեւէ երկրում աշխատավարձին հավասար կենսաթոշակ չկա: Այստեղ գոյություն ունի փոխհատուցման գործակից հասկացությունը, որը հաշվարկվում է  հետեւյալ կերպ՝ կենսաթոշակի հարաբերակցությունը  միջին աշխատավարձին: Ինչքան էի ստանում ես, երբ մինչեւ 63 տարեկան էի, եւ ինչքան կդառնա, երբ գնամ կենսաթոշակի: Միջազգային չափորոշիչներով, 33 տարվա միջին աշխատանքային ստաժի պարագայում փոխհատուցման գործակիցը պետք է լինի 40 տոկոս:  Մենք այսօր այդ 40 տոկոսից հեռու ենք: Դա մեզ ստիպեց ներդնել կուտակային համակարգը, որը կօգնի ավելի արժանապատիվ կենսաթոշակ ստանալու, երբ քաղաքացին ուղղակիորեն մասնակցում է իր կենսաթոշակի չափի ձեւավորմանը»:

 

Ավելի վաղ հայտնել էինք` հայտնի է՝ հուլիսի 1-ից թոշակներն ու նպաստները որքանով կավելանան: 

Քաղաքականություն