
Ձմերուկը և սեխը կտրած կամ մասերի բաժանված վաճառողները կտուգանվեն. նոր նախագիծ

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում տեղադրված նախագծով առաջարկվում է կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքը։
«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կարգելվի ձմերուկը և սեխը վաճառել կտրած կամ մասերի բաժանված։ Նախագիծը մշակվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Ըստ նախագծի հիմնավորման՝ նման որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս ձմերուկի և սեխի հասունությունը ցուցադրելու նպատակով լայն տարածում է գտել վերջինիս մասերով կամ կտրված վաճառքը, ինչի արդյունքում կտրված մասում միջուկի հաստության մեջ կարող է ներթափանցել միկրոօրգանիզմներ՝ այդ թվում պայմանական ախտածիններ, որոնք ընդունակ են առաջացնել տարբեր վարակիչ հիվանդություններ և պատճառ հանդիսանալ սննդային թունավորումների:
Նախագծի հմնավորման մեջ նշված է, որ նախատեսվում է, կանոնակարգել ձմերուկի և սեխի վաճառքի պայմանները և սահմանել դրույթ՝ արգելելով վերջինիս վաճառքը կտրված կամ մասերով, քանի որ վաճառողները շատ դեպքերում կտրված կամ մասերով վաճառքի դեպքում չեն պահպանում հիգիենիկ կանոնները։
«Չկա երաշխիք, որ կտրելուց առաջ ձմերուկը կամ սեխը լվացվել է կամ ի՞նչ դանակով, որ կտրել են լվացել են, թե ոչ և արդյո՞ք դրանից առաջ ուրիշ ապրանք չի կտրվել։ Այս համատեքստում, չպահպանելով հիգիենիկ նորմերը, հատկապես շոգ եղանակին նպաստավոր պայմաններ է ստեղծվում միկրոօրգանիզմների բազմացմանը՝ առաջացնելով աղիքային տարբեր խանգարումներ»։
Ձմերուկի և սեխի վաճառքը կտրած կամ մասերի բաժանված՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: