ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն անդրադարձել է Զախարովայի հայտարարությանը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը, ի պատասխան լրատվամիջոցների հարցման, անդրադարձել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի այն հայտարարությանը, թե սահմանազատման բացակայության պատճառով է հունիսի 15-ին միջադեպ տեղի ունեցել Հակարիի կամրջին՝ ՌԴ խաղաղապահների մասնակցությամբ։
Հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի Հակարի կամրջի մոտ հունիսի 15-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի կողմից հունիսի 21-ին տրված ձևակերպումներին, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը պատասխանել է․
«Ի պատասխան ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանության, հարկ եմ համարում նշել հետևյալը.
Հունիսի 15-ի միջադեպը տեղի է ունեցել ոչ թե Լաչինի միջանցքում, ինչպես նշում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, այլ ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Հակարի կամրջի հայկական կողմում։
Ռուսական կողմի մեկնաբանության մեջ կա բացահայտ հակասություն: Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման բացակայության պատճառով հնարավոր չէ հստակ ասել, թե որտեղով է անցնում սահմանագիծը, և դա է շարունակական խնդիրների պատճառը, ինչպես պնդում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ հիմքով և սկզբունքով էր հունիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի կոնկրետ այդ հատվածում՝ կամրջի այս կողմում տեղադրվում ադրբեջանական դրոշ։ Ի դեպ, արձանագրենք, որ այս նույն թեզը պարբերաբար բառացիորեն կրկնում է ադրբեջանական կողմը` Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ ագրեսիվ գործողություններ իրականացնելիս և ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելիս:
Պարզ չէ, թե ինչու էին Ադրբեջանի այդ գործողությանը մասնակցում ՌԴ խաղաղապահները, երբ գործողության թե՛ նպատակը, թե՛ անգամ վայրն ակնհայտորեն դուրս էին խաղաղապահների գործառույթների շրջանակից և պատասխանատվության գոտուց։ Հիշեցնում ենք, որ այդ հատվածում ռուս խաղաղապահների միակ վերաբերելի գործառույթը Լաչինի 5կմ լայնությամբ միջանցքը վերահսկողության տակ պահելն էր։
Ի դեպ, հունիսի 15-ի միջադեպից հետո ադրբեջանական կողմն ամբողջապես արգելափակել է Լաչինի միջանցքը, ինչի արդյունքում Լեռնային Ղարաբաղ չեն տեղափոխվում նույնիսկ մարդասիրական նպատակով անհրաժեշտ պարագաներ, ներառյալ՝ սնունդ և դեղորայք, այդ թվում՝ անգամ ԿԽՄԿ կողմից, ԼՂ-ից ՀՀ բժշկական հաստատություններ չեն տեղափոխվում համապատասխան բուժօգնության կարիք ունեցող ծանր հիվանդները, շարունակում է խափանված մնալ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը:
Եզրափակելով` ցանկանում ենք կոչ անել 2020թ. նոյեմբերի 9-ի և Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված մյուս եռակողմ հայտարարությունները ստորագրած կողմերին արդարացումներ փնտրելու փոխարեն անշեղորեն իրականացնել ստանձնած հանձնառությունները»:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԱԾ-ն հայտարաություն է տարածել
Վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի հեռախոսահամարների բաժան...
ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը կկայանա հաջորդ շաբաթ Վաշինգտոնում. Փաշինյան
Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ ՀՀ կառավարության նիստին հայտ...
«Կոչ ենք անում Բաքվին ամբողջությամբ ապաշրջափակել Լաչինի միջանցքով երթևեկությունը». Զախարովա
Ադրբեջանական կողմից Լաչինի միջանցքի մուտքի արգելափակման կապակցությամբ ուշադրություն ենք հրավիրում այն փաստի վրա, որ նման...
Լաչինի միջանցքի գրեթե լիակատար շրջափակումը խիստ մտահոգիչ է. ԵՄ մամուլի խոսնակի հայտարարությունը
ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև աճող լարվածությանը, որոնց միջազ...