Հնարավոր է՝ Նուբարաշենում աղբի մեջ կուտակված մեթանն է այրվել․ բնապահպան

Հնարավոր է՝ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի պատճառ է հանդիսացել աղբի մեջ կուտակված մեծ քանակությամբ մեթանի այրումը։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է բնապահպան Ինգա Զարաֆյանը։

 

«Մեծ կասկածներ ունեմ, թե ինչու հրդեհը նման մասշտաբային ձեւով տարածվեց, եւ ոչինչ չի օգնում։ Նուբարաշենը շատ հին աղբավայր է, մոտ 50 հեկտար տարածության վրա հավաքված է մեծ քանակությամբ աղբ՝ առանց դասակարգման, ինչ կա, չկա թափվում է այնտեղ։ Խորքերում գնում է դանդաղ այրման գործընթաց, մենք ունենք մեծ քանակությամբ հավաքված մեթան։ Դա այրվող գազ է, շատ արագ բռնկվող։ Հնարավոր է հրդեհի ժամանակ այդ գազն է ներքեւից այրվել եւ դուրս եկել։ Դանդաղ այրման դեպքում առաջանում են դիօքսիդներ, շատ բարդ օրգանական միացություններ, որոնք ունեն ահավոր վատ ազդեցություն օրգանիզմի վրա։ Սա կոլեկտիվ անգործություն եւ անպատասխանատվություն է։ Եթե քաղաքական դեմք ես, պետք է պատասխանատվություն կրես ինչ-որ բանի համար»,- ասել է Զարաֆյանը։

 

Բնապահպանի խոսքով՝ հրդեհն ավելի վտանգավոր իրավիճակ է առանց այն էլ էկոլոգիապես ծանր էկոլոգիապես ծանր վիճակում գտնվող Երեւանում։ Նրան վրդովվեցրել է, որ մարդկանց, որոնք ապրում են Նուբարաշենի հարեւանությամբ, չեն տարհանել, նրանց ցուցումներ չեն տրվել։

 

«Ես օրինակ բժիշկ չեմ, չգիտեմ՝ բացի պատուհանը փակելուց ու դիմակ դնելուց ինչ կարող եմ անել։ Դրանք պետք է պրոֆեսիոնալ խորհուրդներ լինեն, բայց յոթերորդ օրն է՝ չկան։ Մենք ահազանգներ ենք ստանում քաղաքացիներից, որոնք ասում են երեխաները հազում են, թույլ են, պատուհանները փակում ենք, բայց խնդիր ունենք, չենք կարողանում շնչել։ Չեմ կասկածում՝ այս ահազանգները գնում են նաեւ Առողջապահության նախարարություն, բայց արձագանք չկա»,- նշել է նա։

Քաղաքականություն

Պատահարներ