Ռուսաստանի ԱԴԾ-ն առաջարկել է թույլ տալ խուզարկություններ իրականացնել առանց դատարանի որոշման

Ռուսաստանի ԱԴԾ-ն հրահանգ է պատրաստել, որը թույլ կտա ուժայիններին առանց դատարանի որոշման խուզարկել տները, բնակարանները և մեքենաները։ Փաստաթուղթը հրապարակվել է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի պորտալում, որի վրա ուշադրություն է հրավիրել «Парламентская газета» թերթը։ Նախագծի քննարկումը կտևի մինչև մայիսի վերջ։ 

Փաստաթղթի համաձայն՝ խուզարկության համար դատարանի թույլտվությունը չի պահանջվի այն դեպքերում, «որոնք հրատապ են և կարող են հանգեցնել. ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարմանը», ինչպես նաև Ռուսաստանի «պետական, ռազմական, տնտեսական, տեղեկատվական կամ բնապահպանական անվտանգության համար վտանգ ստեղծող» իրադարձությունների և գործողությունների վերաբերյալ տվյալների առկայության դեպքում։ ԱԴԾ-ն պետք է խուզարկությունների մասին դատարանին տեղեկացնի 24 ժամվա ընթացքում։ 

Այս դեպքում ուժայիններին անհրաժեշտ կլինի անվտանգության գործակալության ղեկավարներից մեկի՝ ԱԴԾ տնօրենի առաջին տեղակալի, բաժնի կամ վարչության պետի, նրանց տեղակալների կամ տարածքային անվտանգության մարմինների ղեկավարների որոշումը: 

Այլ դեպքերում խուզարկությունները կամ «քաղաքացիների բնակարանների անձեռնմխելիության սահմանադրական իրավունքը սահմանափակող ստուգումները» իրականացվում են միայն դատարանի որոշման հիման վրա և հանցագործության նշանների, դրանք կատարած անձանց և երկրի անվտանգությանը սպառնացող իրադարձությունների վերաբերյալ տվյալների առկայության դեպքում։


Անվտանգության ուժերը կկարողանան առգրավել կասկածելի փաստաթղթեր և նյութեր, ինչպես նաև իրեր, որոնք արգելված է պահել, օրինակ՝ չհաշվառված և չգրանցված զենքեր, նույնիսկ եթե դրանք կապված չեն այն դեպքի հետ, որի շուրջ կատարվում է խուզարկությունը։

Փաստաթղթում նշվում է նաև, որ անվտանգության ուժերը կարող են տեսախցիկի միջոցով ֆիքսել խուզարկությունները և օգտագործել առնվազն երկու վկա: Անհրաժեշտ չէ նրանց ներգրավել, եթե խուզարկություններն իրականացվում են «դժվար հասանելի վայրերում և (կամ) կապի համապատասխան միջոցների բացակայության դեպքում», կամ եթե կարող են սպառնալ մարդկանց առողջությանն ու կյանքին։ 

Քաղաքականություն