Պուտինն ու Չինաստանի պաշտպանության նախարարը հանդիպել են

Ապրիլի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն։ 
 

«Պուտինն աշխատանքային հանդիպում է անցկացրել ՉԺՀ Պետական ​​խորհրդի անդամ, ՉԺՀ պաշտպանության նախարար Լի Շանգֆուի հետ»,- հակիրճ տեղեկացրել է Կրեմլի խոսնակը և խոստացել ավելի ուշ հայտնել բանակցությունների մանրամասները։


Կրեմլի թելեգրամյան ալիքը հրապարակել է նաև Պուտինի և Լի Շանգֆուի հանդիպումից կադրեր։ Ռուսաստանի նախագահը, մասնավորապես, Չինաստանի պաշտպանության նախարարի հետ զրույցում ընդգծել է Մոսկվայի և Պեկինի միջև «ռազմական գերատեսչությունների գծով առկա շատ լավ զարգացումը»։ 

Լի Շանգֆուն, իր հերթին, հանդիպման ժամանակ ասել է, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև համագործակցությունը կշարունակվի «ամբողջ աշխարհի բարգավաճման շահերից ելնելով», ինչպես նաև նշել է, որ «որպես պաշտպանության նախարար իր առաջին այցի համար նա հատուկ ընտրել է Ռուսաստանը երկկողմ հարաբերությունների առանձնահատուկ բնույթն ու ռազմավարական նշանակությունն ընդգծելու համար»։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Լի Շանգֆուն Ռուսաստան կայցելի ապրիլի 16-18-ը։ Ուղևորության ընթացքում բանակցություններ են նախատեսվում նաև անմիջականորեն Լի Շանգֆուի և ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուի միջև։ Հանդիպման ընթացքում նախարարները պետք է քննարկեն «պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության վիճակն ու հեռանկարները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող արդիական հարցեր»,- նշել են ռազմական գերատեսչությունում։ 

Լի Շանգֆուն մարտի 12-ին նշանակվել է Չինաստանի պաշտպանության նախարար։ 2018 թվականին նա պատժամիջոցների է ենթարկվել ԱՄՆ-ի կողմից՝ իբր նպաստելու համար ռուսական Սու-35 ռազմական ինքնաթիռների և Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղափոխմանը Չինաստան։ 

Ավելի վաղ ԱՄՆ պաշտոնյաները հայտարարել էին, որ Չինաստանը կարող է դիտարկել Ռուսաստանին զենք մատակարարելու հնարավորությունը՝ Ուկրաինայի հետ այդ երկրի ռազմական հակամարտության ֆոնին։ Պեկինը հերքել է այս տեղեկությունը։ Այնուամենայնիվ, Պենտագոնի գաղտնազերծված փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Չինաստանը, հնարավոր է, հավանություն է տվել Մոսկվային մահաբեր զենքի մատակարարմանը, գրում է The Washington Post-ը։ 


Չինաստանի նախագահ Սի Ծինփինը մարտի 20-ից 22-ը այցելել է Ռուսաստան: Այցի ընթացքում Չինաստանի ղեկավարը հանդիպել է նաև Վլադիմիր Պուտինի հետ։