Ինչու են Տեղ գյուղում ադրբեջանցիները դիրքավորվել. ՊՆ նախկին փոխնախարարը պարզաբանել է

Այն, ինչ տեղի է ունենում, ինչ-որ առումով նաև չհայտարարված կամ հայտարարված սահմանազատում է։ Այս մասին գրում է «Հրապարակ օրաթերթ»-ը:

 

«Հակառակորդը կանգնում է այնտեղ, որտեղ որ ցանկանում է, ոչ միայն կանգնում է, այլ նաև ռազմական իմաստով դիրքավորվում է։ Դա մի հատ քաղաքացիական դիրքավորում չէ, մի հատ վրան չէ, դա արդեն ռազմական ամրակայման ու դիրքավորման հստակ աշխատանքներ են։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՀՀԿ ԳՄ անդամ, ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի շուրջ զարգացող իրադարձությունների վերաբերյալ լրագրողների դիտարկումներին։

 

«Սա նշանակում է, որ հետագայում ցանկացած սահմանազատում ևս մեկ անգամ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների հաշվին է լինելու, որովհետև դիրքավորված հակառակորդին այդտեղից դուրս հանելը միայն ու միայն ռազմական ճանապարհով է հնարավոր կամ էլ արդեն արտաքին շատ մեծ ուժի կիրառման միջոցով, սակայն այս իշխանությունները պարզ է, որ դա չեն կարողանալու անել։ Հենց սրա համար են այս իշխանությունները ներքին ինտրիգներ ստեղծելով փորձում հասարակության ուշադրությունը շեղել գլխավոր, բուն ու կարևորագույն խնդիրներից։ Այսօր մարդկանց ավելի շատ հետաքրքրում է, թե ով ումից ներողություն խնդրեց կամ չխնդրեց, քան ՀՀ սուվերեն տարածքից քանի քառակուսի կորցրինք կամ չկորցրինք»,- հավելել է նա։

 

Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ Տեղ գյուղի մոտ ադրբեջանական զինված ուժերի տեղակայման ընթացքում ի հայտ են եկել քարտեզների տարընթերցումներ: Որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել եւ իրականացնել ինժեներական աշխատանքներ:

Քաղաքականություն