ՀՀ սահմաններին կուտակումներ կա՞ն. ՊՆ-ն պատասխանել է

Հաշվի առնելով մամուլում տարածվող բազմաթիվ լուրերն այն մասին, թե Հայաստանի և Արցախի սահմանների երկայնքով Ադրբեջանի ԶՈՒ կողմից կուտակումներ կան` Auroranews-ը դեռ մարտի 20-ին հարցում էր ուղարկել ՀՀ ՊՆ և խնդրել տեղեկացնել, թե արդյո՞ք հայ-ադրբեջանական սահմանին, ադրբեջանական զինված ուժերի կուտակումների մասին հրապարակումները համապատասխանում են իրականությանը, եվ  ի՞նչ մասշտաբի կուտակումների մասին է խոսքը: 

 

Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին հասցեագրված մեր գրավոր հարցմանը` նշել են, որ մեր հարցադրումների առնչությամբ մարտի 15-ին  նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում տվել է սպառիչ պատասխաններ

 

Հիշեցնենք, որ մարտի 15-ին Պապիկյանը լրագրողների հետ ճեպազրույցում, նշել էր. «Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակումների մասին պաշտպանության բանակը մշտապես հանդես է գալիս հայտարարություններով և ռուս խաղաղապահներն  ամենօրյա  հաղորդագրություն են տարածում, սրանով կառաջարկեմ փակել թեման: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի սահմաններին, այս պահին կուտակում արձանագրված չէ»,- սա էլ եղել է պաշտպանության նախարարի պատասխանը:

 

Պետք է ընդգծել, որ ՊՆ նախարարը կուտակումների մասին լուրերը հերքել է մարտի 15-ին, սակայն դրանից անմիջապես հետո մեծ թափով տարածվել են համանման տեղեկությունները, նույնիսկ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը բազմաթիվ գրառումներով անդրադարձավ թեմային` նշելով, որ ադրբեջանական զինուժի, ծանր տեխնիկայի տեղաշարժ է նկատվում Արցախի և ՀՀ-ի հետ սահմանին, նույնիսկ հավելել էր, որ սահմանամերձ բնակավայրերի բնակիչների համար է այն տեսանելի: 

 

Այնուամենայնիվ պաշտպանության նախարարությունը մարտի 31-ին մեզ ուղարկված պատասխանում, նշել է, որ Սուրեն Պապիկյանը տվել է սպառիչ պատասխաններ: 

 

Հիշեցնենք, որ վարչապետ Փաշինյանը մարտի 30-ի կառավարության նիստում ասաց, որ Արդբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները,  խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության առաջին կետը, Շուշիի շրջանում հատել են շփման գիծն ու զբաղեցրել 20/54 բարձունքն ու սկսել ինժեներական աշխատանքներ։ Այդ բարձունքից Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական զորքերը հատել են ՀՀ սահմանը, առաջացել Տեղ համայնքում ու մտել արտերը, դիրքավորվել, հենակետ դրել։ 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ