Թրամփին առաջադրվել է ավելի քան 30 մեղադրանք

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին առաջադրվել է ավելի քան 30 մեղադրանք, այդ թվում՝ բիզնեսում խարդախության հետ կապված, հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

 

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Նյու Յորքում երդվյալ ատենակալները քվեարկել են Սթորմի Դենիելսի գործով Թրամփին մեղադրելու օգտին։

 

Մանհեթենի շրջանային դատախազ Էլվին Բրեգը պահանջել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփից ներկայանալ դատարան՝ Սթորմի Դենիելսի գործով իր դեմ առաջադրված մեղադրանքի էության մասին ցուցմունք տալու համար, հայտնում են լրատվամիջոցները։

 

2018 թվականի հունվարին The Wall Street Journal-ը հրապարակեց հոդված, որտեղ ասվում էր, որ 2006 թվականին Թրամփը իբր հարաբերությունների մեջ է եղել դերասանուհի Սթորմի Դենիելսի հետ, իսկ 2016 թվականի նախագահական ընտրություններից քիչ առաջ նա նրան վճարել է 130,000 դոլար՝ լռելու դիմաց։ Ինքը՝ Թրամփը, վստահեցրել է, որ Դենիելսի հետ անձնական հարաբերություններ չունի։

 

Թրամփը Սթորմի Դենիելսի գործով իր դեմ ներկայացված մեղադրանքներն անվանել է «քաղաքական հետապնդում» և «պատմության ամենաբարձր մակարդակով ընտրական միջամտություն»։

 

«Մեր երկրի պատմության մեջ երբեք նման բան չի արվել»,- ասել է Ամերիկայի 45-րդ նախագահը,- շարունակելով, - «Կարծում եմ, որ այս վհուկների որսը հակառակ արդյունք կտա Ջո Բայդենին»։

Քաղաքականություն