ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բավականին ծանր հարված էր. Վարդանյանը` տեղի ունեցած միջադեպի մասին

ԱԺ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշել է.

 

«Ես փորձեցի պարոն Մինասյանին և մնացած պատգամավորներին, ըստ էության, ասել հետևյալը, որ ժողովուրդ ջան եկեք վերադառնանք բովանդակային քննարկման փուլ և սրանով ավարտենք։ Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին, որ եկեք վերադառնանք քննարկման փուլ, պարոն Մհեր Սահակյանն ասաց՝ դուք չեք կարա մեր վրա ձայն բարձրացնենք, ասացի՝ ես նիստը վարում եմ ու շարունակում եմ վարել, ասաց՝ չեք կարա, չեք կարա։ Մոտեցավ ինձ, որովհետև արդեն կանգնել էինք, և առանց որևէ բան անելու հարձակվեց վրաս և դիմեց փախուստի»,-ասաց Վարդանյանը՝ պատմելով ընդդիմադիր պատգամավորի հետ ունեցած միջադեպի մանրամասները։

 

Նա նշեց, որ միջադեպը մեկ րոպե է տևել։ Վարդանյանի խոսքով՝ ինքը դեպի պատգամավորը քայլ չի կարատել և չէր էլ կարող կատարել։

 

«Պարոն Սահակյանն ինքն է բարձրացել տեղից, մոտեցել ինձ, առանց որևէ բան ասելու հարվածել։ Բժշկական միջամտություն է տեղի ունեցել, բավականին զգալի կտրվածք է, երկու կար են դրել։ Բավականին ծանր հարված էր»,-նշեց նա։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում տեղի է ունեցել  միջազգային իրավական գործընթացների վերաբերյալ փակ քննարկում։ Այսօր ԱԺ-ում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի և Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ՔՊ-ական նախագահ Վլադիմիր Վարդանյանի միջև։ Ըստ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի՝ ՀՅԴ-ական Մհեր Սահակյանը հարվածել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և փախել։ Վարդանյանը ստացել էր մարմնական վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ