Ի՞նչ է նախատեսվում կառուցել «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում. Սանոսյանը պատասխանում է

Կառավարության նիստում ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հայտնեց, որ «Հրազդան» մարզադաշտին կից տարածքում մարմնամարզության նոր մարզադպրոց կկառուցվի։ 

 

«Համայնքն արդեն իրականացրել է մրցութային գործընթաց, նախագծող ընկերություն կա, որն առաջիկայում մարզադպրոցի նախագծման և կառուցման աշխատանքները կիրականացնի»,– ասաց Սանոսյանը։

 

Սանոսյանի խոսքով` տարածքը գտնվում է «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ, «Դալմա» առևտրի կենտրոնի դիմաց։ Տվյալ տարածքում այս պահին մի շարք մարզական օբյեկտներ կան։ Նա նշեց, որ նոր մարզադպրոցը համալրելու է դրանց շարքը։

 

«Բավական մեծ դահլիճներ են լինելու, ստորգետնյա ավտոկայանատեղիով, գեղարվեստական մարմնամարզության և սպորտային ակրոբատիկայի համար նախատեսված դահլիճներով, սանհանգույցներ, հանդերձարաններ։ Այսինքն` բոլոր չափորոշիչներին` և՛ մարզումների համար, և՛ միջազգային մրցույթների կազմակերպման համար համապատասխանելու է»,– նշեց Սանոսյանը։

 

Նրա խոսքով` նման որոշման անհրաժեշտությունը ծագել է այն բանից հետո, երբ 2019թ-ին կառավարությունը որոշել է վերանորոգել Ալբերտ Ազարյանի անվան օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարմնամարզության մարզադպրոցի շենքը։ Բայց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ 1960-ական թվականներին կառուցված շենքը ժամանակակից մարզադպրոցների նորմերին չի համապատասխանում և անհրաժեշտ է իրականացնել շինության վերակառուցում, ուժեղացում, սեյսմազինվածության բարձրացում, որի համար կպահանջվեն զգալի ֆինանսական միջոցներ:

Փոխարենը նպատակահարմար է գտնվել այլ հողամասում կառուցել ժամանակակից պայմաններին և տեխնիկական պահանջներին համապատասխանող նոր մարզադպրոց, որի համար էլ առաջարկվել է Հրազդանի կիրճ հ.4 հասցեում գտնվող գույքից առանձնացվող 15509.0քմ մակերեսով հողամաս, որը սեփականության իրավունքով պատկանում է «Հրազդան մարզահամալիր» փակ բաժնետիրական ընկերությանը։

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ընկերության պետական սեփականություն հանդիսացող 100% բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները պատկանում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին, կառավարության այսօրվա որոշման հիման վրա, գույքից կառանձնացվի վերոհիշյալ հողամասը։ Այն նախ կամրացվի Պետգույքի կառավարման կոմիտեին, ապա կնվիրաբերվի Երևան համայնքին` «Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նոր մարզաբազա կառուցելու նպատակով։

 

Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ Կադաստրի պետական կոմիտեն որոշել է «Հրազդան» մարզադաշտին կից պահուստային դաշտը «խլել» գործարար, նախկին ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանից («Բուռնաշ»). նա տարիներ շարունակ վարձակալությամբ օգտագործում է այն։ Այս մասին գրում էր «Հրապարակ» թերթը։

 

Քաղաքականություն