ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մարդիկ սկսել են առիթից օգտվել»․ Ավինյանը՝ Կորեայի ձորի շինաղբի մասին
Կորեայի ձորում շինաղբի թափման հետ կապված գրություն էինք գրել ոստիկանություն եւ արագ արձագանք էր եղել, բայց ես հիմա նորից ահազանգեր եմ ստանում, որ էդ պրոցեսը շարունակվում է, ամբողջապես չի դադարել: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին, Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանն էլ նշեց. «Այս ընթացքում լավագույնս աշխատել է հասարակական կարգի պահպանության ծառայությունը, բավականին թերի է եղել ԳԱՍԿ-ի մասնակցությունն ու աշխատանքը այս ոլորտում:
Շինթույլտվություններում նշված է՝ որտեղ պետք է կառուցապատողը տեղափոխի շինաղբը: Սակայն այս օղակի թույլ վերահսկողության պարագայում կառուցապատողները ձեռք չբերեցին անհրաժեշտ զգաստություն:
Նախորդ շաբաթ ինքս եմ այցելել այդ աղբավայրերը, վարչական շրջանների ղեկավարները բավականին թուլացրել են հերթապահության աշխատանքները, մարդիկ էլ սկսել են առիթից օգտվել:
Ինչ վերաբերում է Սիլիկյան թաղամասում աղբի տեղադրման աշխատանքներին, ամեն ինչ կազմակերպված է, բոլոր պայմանները ստեղծված են:
Մեր բոլոր ահազանգերին պարեկային ծառայությունն արձագանքում է, գալիս են եւ աջակցում են: Մենք իրավունք ունենք վարչական օրենսգրքով այդ պատիժը սահմանել կառուցապատողների նկատմամբ: Շատ տխուր է, որ խախտողների մի մասը լայն ծավալի կառուցապատողներ են»: