ՀՀ-ին պետական պարտքն աճել է՝ հատելով 10 մլրդ դոլարի շեմը

 Հայաստանի պետական պարտքը հատել է 10 մլրդ դոլարի շեմը: Այն չի խախտում  հարկաբյուջետային կանոնները, սակայն գնալով ծանրանում է պարտքի սպասարկումը՝ բյուջեից տոկոսադրույքներին ուղղվող միլիարդավոր դրամները: Դրամի ամրացումը դոլարի նկատմամբ հօգուտ պետական պարտքի է եղել: Գրում է «Հետք»-ը:

2022 թվականի դեկտեմբերի վերջի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 10 մլրդ 638 մլն դոլար: Մեկ տարում այն աճել է 15.3%-ով կամ 1 մլրդ 412 մլն դոլարով: 

Այս մասին տեղեկանում ենք Ֆինանսների նախարարության տրամադրած տվյալներից: 

Պետական պարտքը աճել է ներքին պարտքի հաշվին: 

Տարեվերջին ներքին պետական պարտքը կազմել է մոտ 4 մլրդ 189 մլն դոլար՝ տարվա ընթացքում ավելանալով մոտ 1 մլրդ 610 մլն դոլարով կամ 62.5%-ով: 

Ներքին պարտքը գոյացել է հիմնականում ռեզիդենտների կողմից ձեռք բերված պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին: 

Արտաքին պարտքը կազմել է 6 մլրդ 451 մլն դոլար: Ի տարբերություն ներքին պարտքի, արտաքին պարտքը նվազել է տարվա ընթացքում՝ կատարված մարումների հաշվին: Այն տարեսկզբի համեմատ նվազել է 197.6 մլն դոլարով կամ 3%-ով: Արտաքին պարտքի մեծ մասն էլ այլ պետություններից ու կազմակերպություններից վերցված վարկերն ու փոխառություններն են: 

Վերջին տասը տարում Հայաստանի պետական պարտքը աճել է 2.4 անգամ:  


Պարտքի բեռը չի հատի «կարմիր գծի» շեմը 

Առանց պարտքի Հայաստանի պետական բյուջեն չի կարող սպասարկել իր ծախսերը, քանի որ ծախսերը միշտ ավելի շատ են, քան եկամուտները: Սակայն, երբեմն պարտքի բեռը հատում է «կարմիր գիծը»: Իհարկե, դա դեֆոլտ չէ, սակայն վտագավոր շեմ է: 

Թե որքանով է պետական պարտքի մակարդակը վտանգավոր երկրի համար, չափվում է հիմնականում համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) հետ հարաբերակցությամբ: 2022 թվականի ՀՆԱ-ն դեռևս չի հրապարակվել: Սակայն, արդեն իսկ կանխատեսումներ կան, որ չնայած պետական պարտքը աճել է, սակայն Կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը նվազելու է: 

Հայաստանի պետական պարտքը Կառավարության և Կենտրոնական բանկի պարտքի հանրագումարն է: Սակայն, ԿԲ-ի պարտքն, իրականում, փոքր բաժին ունի: Մասնավորապես, 2022 թվականի վերջում Հայաստանի 10 մլրդ 638 մլն դոլար պետական պարտքի 10 մլրդ 86 մլն դոլարը Կառավարության պարտքն է, իսկ մնացած 551 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկինը: 

Հարկաբյուջետային կանոններով («Պետական պարտքի մասին» ՀՀ օրենք) յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ Կառավարության պարտքի և համախառն ներքին արդյունքի հարաբերակցության սահմանային շեմը 60 տոկոս է սահմանված: Սա, այսպես կոչված, պարտքի վտանգավոր շեմն է, որը հատելու դեպքում գործադիրը պարտավորվում է ընթացիկ ծախսերը սահմանափակել, ինչպես նաև ներկայացնել ծրագիր՝ ՀՆԱ-ի նկատմամբ Կառավարության պարտքի մակարդակը նվազեցնելու վերաբերյալ։ 

2020 թվականին պետական պարտքը հատեց այդ շեմը՝ կազմելով 63.5%: Հաջորդող տարում այն նվազեց՝ մոտենալով 60%-ին: 

2022 թվականի նոյեմբերի 16-ին ֆինանսների արդեն նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ ըստ կանխատեսումների 2022-ի տարեվերջյան տվյալներով՝ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կվերադառնա 60%-ից ցածր մակարդակին՝ կազմելով 51%: Դրան նպաստել է ինչպես տնտեսական աճը, այնպես էլ՝ տարվա ընթացքում դրամի շուրջ 20%-ով արժևորումը դոլարի նկատմամբ. հաշվարկները կատարվում են դրամով՝ մինչդեռ արտաքին պարտքը դոլարով է: 

Դեռևս 2022-ի հունիսին Տիգրան Խաչատրյանը հայտարարեց, որ եթե այս տարեսկզբի համեմատ տարեվերջին դոլարի փոխարժեքը լինի ավելի ցածր, ապա պետական պարտքը դրամային արտահայտությամբ ավելի փոքր կլինի։ Հետևաբար, Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշը կանխատեսված ​​ցածր կլինի։ 

Այլ խոսքով, չնայած պետական պարտքի ծավալները գնալով աճում են, սակայն, հարկաբյուջետային կանոնների վտանգավոր շեմը չի հատի: 

Կառավարության պետական պարտքը մինչև 2020 թվականը երբևէ չի հատել ՀՆԱ-ի 60%-ի շեմը: Մինչև 2008 թվականի համաշխարհային տնտեսական ճգնաժամը այդ ցուցանիշը աստիճանաբար նվազել է: Ճգնաժամի պայմաններում պետությունը զգալի ավելացրել է պարտքը, բայց նույնիսկ այդ պարագայում ՀՆԱ-ի նկատմամբ հարաբերակցությունը այսքան բարձր չի եղել։ Հետագայում ևս աստիճանաբար աճել է և կտրուկ թռիչք կատարել 2020 թվականին: 


Պարտքի տոկոսավճարները տարեցտարի ավելի ծանր բեռ են դառնում բյուջեի համար 

Թեև պետական պարտքը հարկաբյուջետային կանոնները չի խախտի, սակայն դրա աճը, այսպես թե այնպես, բացասական է ազդում պետական բյուջեի վրա: Հետևաբար նաև՝ հարկատուների, որոնց հարկերի հաշվին էլ գոյանում է այդ բյուջեն: 

Ամեն տարի Կառավարությունը միլիարդավոր դրամներ է ուղղում պետական պարտքի տոկոսավճարները մարելուն: Պարտքի ֆիզիկական ծավալների աճին զուգահեռ, աճում են տոկոսավճարները, ինչպես նաև մայր գումարները: 

Վերջին տարիներին բյուջեի ծախսերի մոտ 10%-ը բաժին է ընկնում Կառավարության պարտքի տոկոսավճարներին, իսկ մայր գումարի մարումները կատարվում են հիմնականում նոր վերցվող միջազգային վարկերի հաշվին: 

Ինչպես տեղեկանում ենք Ֆինանսների նախարարությունից, 2022 թվականին պետական պարտքի տոկոսավճարները կազմել են 198.3 մլրդ դրամ, որից 125.9 մլրդ դրամը ներքին պարտքի տոկոսավճարներն են, 72.4 մլրդ դրամը՝ արտաքին: Ընդ որում՝ այդ գումարներն ավելի մեծ կլինեին, եթե դոլարը դրամի նկատմամբ էժանացած չլիներ: Պարտքի տոկոսները վճարվում են դոլարով և որքան այն ավելի էժան է, այնքան քիչ դրամ է ուղղվում բյուջեից դրանց վճարմանը: 

Բոլոր դեպքերում, 2021 թվականի համեմատ պարտքի տոկոսավճարներն ավելացել են 17.5 մլրդ դրամով կամ 9.7%-ով:  


Ներքին պարտքը մեծ թափ է հավաքել 

Վերջին հինգ տարիներին ներքին պարտքը մեծ թափով է աճում: Արդյունքում արտաքին պարտքը տարիների ընթացքում զիջել է իր դիրքերը:  

Եթե տասը տարի առաջ արտաքին պարտքը 85% կշիռ ուներ, ապա այսօր այն մոտ 61% է: 

Սա Կառավարության ռազմավարության մի մասն է: Հիմնավորվում է, որ ներքին պարտքի տեսակարար կշռի մեծացումը նպաստում է փոխարժեքի ռիսկի նվազեցմանը: Ներքին պարտքը տրվում և սպասարկվում է ՀՀ դրամով ու դրամ/դոլար փոխարժեքի տատանումների բացասական ազդեցություններից զերծ է մնում։ Մյուս կողմից էլ, սակայն, դա հանգեցնում է տոկոսադրույքի ռիսկի աճի և պարտքի սպասարկման ծախսերի աճի, քանի որ ներքին պարտքի տոկոսադրույքները, եթե ոչ միշտ, ապա հաճախ ավելի բարձր են լինում:  

 

Քաղաքականություն