Ինչո՞ւ են բարձրանում բնակարանների գները

Հայաստանում 2022թ-ին բնակարանների գները բարձրացումը պայմանավորված չէ օտարերկրյա քաղաքացիների ներհոսքով առաջացած պահանջարկի աճով։ Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Արման Պետրոսյանը։

 

Նրա պնդմամբ, օտարերկրացիների գնած անշարժ գույքի քանակը չափազանց փոքր է շուկայի գների վրա ազդելու համար։

 

Օտարարեկրացիները հիմնականում բնակարաններ ու տներ են գնել Երևանում։ Երկրորդ տեղում Կոտայքի մարզն է։

 

Ինչ վերաբերում է անշարժ գույքի շուկայում այս տարի գրանցված գնաճին, կադաստրի պետի տեղակալը նշեց, որ գների ձևավորման վրա հիմնականում ազդել են տնտեսական իրողությունները։

 

«Քանի որ անշարժ գույքի շուկան առաջինն է արձագանքում տնտեսությունում տեղի ունեցող գործընթացներին, և, քանի որ վերջին 9 ամիսների ընթացքում 14.1 տոկոս տնտեսական ակտիվության աճ ունենք, առաջինը հենց դա է ազդել գնողութնակ պահանջարկի աճի վրա»,– ասել է նա։

 

Պետրոսյանի մեկնաբանմամբ, գների աճին նպաստել են նաև շինարարության գների աճը, դրամի նկատմամբ դոլարի ու եվրոյի արժեզրկումը, ինչպես նաև հիփոթեքային վարկավորման բարենպաստ պայմանները։

 

Բացի այն, նրա խոսքով, քաղաքացիները որպես կանոն իրենց ազատ դրամական միջոցները ներդնում են անշարժ գույքի մեջ։ Իսկ այս տարի դրան նպաստել է նաև բնակարանների վարձակալության գների բարձրացումը, որի արդյունքում քաղաքացիները որոշել են բնակարան ձեռք բերել` այն վարձակալության տալու ու գումար աշխատելու համար։

 

Այդուհանդրձ, պաշտոնական վիճակագրության համաձայն, վարձակալության գործարքների թիվն 2022թ–ին ոչ միայն չեն աճել, այլև 2021-ի համեմատ 9.2 տոկոսով նվազել է։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալը այս վիճակագրությունն արժանահավատ չի համարում` նշելով, որ դա վարձակալության գործարքները պայմանագրով չեն կնքվում ու հետևաբար նաև պետության կողմից չեն հաշվառվում։

 

«Որպեսզի ակնհայտ լինի ասածս, այսպիսի մի վիճակագրություն ներկայացնեմ. 2022թ–ի առաջին 10 ամիսերի ընթացքում օտարերկրյա քաղաքացիների կողմից Երևանում վարձակալվել է ընդամենը 124 բնակարան։ Հաշվի առնելով վերջին իրադարձությունները և ՌԴ–ից ՀՀ տեղափոխված բազմաթիվ քաղաքացիների` վարձակալած բնակարաններում բնակվելու փաստը, պարզ է դառնում, որ այս վիճակագրությունը խեղաթյուրված է։ Իրականում այս թվերը տասնյակ անգամներ մեծ են»,– ասել է Պետրոսյանը։

 

Նշենք, որ Կադաստրի կոմիտեի հրապարակած վիճակագրության համաձայն, Երևանում 2022թ–ի հոկտեմբերին` 2021թ–ի հոկտեմբերի համեմատ, բնակարանների գներն աճել են 12.9 տոկոսով, մարզերում 19.1 տոկոսով։

 

 

Քաղաքականություն

Պատահարներ