Թուրք-ադրբեջանական զորավարժությունները մեզ ճնշելու գործիք են. պատգամավոր

 Թուրք-ադրբեջանական զորավարժությունները Հայաստանին ճնշելու գործիք են, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

«Այս իշխանություններին թվում է, որ, զիջելով Արցախը, կկարողանան փրկել Հայաստանը, բայց դա այդպես չէ, որովհետև Ադրբեջանի նպատակը միայն Արցախը չէ, այլ, նախևառաջ Սյունիքը, ապա նաև՝ ամբողջ Հայաստանը», - ասաց նա:

 

Արթուր Խաչատրյանը կարծում է, թե ճնշումները կմեծանան նաև Լաչինի միջանցքի հատվածում: «ՀՀ իշխանությունները, երբ ստորագրեցին նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթուղթը, նոյեմբերի 10-ից արդեն պետք է աշխատեին նոր Լաչինի միջանցքի կառուցման ուղղությամբ, ոչ թե ձեռքերը ծալած նստեին: Չմոռանանք, որ դա միայն ճանապարհ չէ, այդտեղով են անցնում գազամուղը և հոսանքի գծերը, հեռախոսային և ինտերնետային կապը: Դրանք չտեղափոխեցին ու այդ լծակը տվեցին Ադրբեջանին», - նշեց նա:

 

Հարցին, թե ի՞նչ պետք է անի այսօր իշխանությունը՝ Խաչատրյանն արձագանքեց. «Պետք է հրաժարվեն ամեն անգամ Ադրբեջանի զիջումներին տրվելուց, կարողանան բանակը հզորացնել, ոչ թե ասել՝ «փողը տվել ենք, զենքը չեն տվել։ Պետք է կարողանան մոբիլիզացնել միջազգային հանրությանը, որովհետև մենք տեսնում ենք, որ Հայաստանը որևէ գործուն աջակցություն չի ստանում»:

Նա ընդգծեց, թե այն զենքը, որ Փաշինյանը գնել էր, մասնավորապես, «ՍՈՒ-30» ինքնաթիռները, այդպես էլ պատերազմի ժամանակ մեկ րոպե անգամ չօգտագործվեցին:

«Դրանից հետո էլ, իր ասելով, հարյուրավոր միլիոններ տվել է, զենքերը չեն եկել: Հետևաբար, կռվել ենք այն զենքով, որը գնվել է նախկինում: Նախկինում կոնսերվի բանկաներով դիրքերը պահում էին, հիմա կոնսերվի բանկաները չկան, դիրքերն էլ չկան», - ասաց ընդդիմադիր պատգամավորը

Քաղաքականություն

Պատահարներ