Հասարակություն Կարևոր

Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». Հետք

Lilit A. 165 դիտում
Հայկական քաղավիացիան դեռ կմնա ԵՄ «սև ցուցակում». Հետք

Եվրահանձնաժողովը գոհ չէ ՀՀ քաղավիացիայի բարեփոխումներից, որոնք վերջինիս հնարավորություն կտային դուրս գալ Եվրամիության «սեւ ցուցակից»: 

 

Գրում է «Հետք»–ը։

 

Հիշեցնենք, որ Հայաստանում գրանցված բոլոր ավիաընկերությունները 2020-ի հունիսից գտնվում են ԵՄ «սեւ ցուցակում», ինչը նշանակում է, որ նրանք իրավունք չունեն կոմերցիոն նպատակներով մտնել ԵՄ օդային տարածք: Պատճառը եվրոպական կողմի ստուգումների արդյունքում ՀՀ քաղավիացիայի կոմիտեում եւ մի շարք հայկական ավիաընկերություններում հայտնաբերված թերություններն էին, որոնք վերաբերում էին թռիչքային անվտանգությանը: Այսինքն՝ ՀՀ-ում գրանցված ավիաընկերությունների եւ դրանց վերահսկող ՀՀ ՔԱԿ-ի կողմից թռիչքային անվտանգության ապահովման թույլ մեխանիզմները ԵՄ-ին դրդել են ժամանակավորապես արգելք դնել ՀՀ ավիափոխադրողների մուտքի վրա, քանի որ ԵՄ-ն վերջիններիս դիտարկում է որպես թռիչքային անվտանգության եվրոպական ստանդարտներին չհամապատասխանող:  Հայաստանն ընդգրկվել է «A» հավելվածում, այսինքն՝ արգելվել է բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: 

 

«Սեւ ցուցակը» պարբերաբար թարմացնում է Եվրահանձնաժողովը՝ հիմնվելով ԵՄ թռիչքային անվտանգության կոմիտեի (EU Air Safety Committee, ASC) մասնագետների կարծիքի վրա: Այս կոմիտեն գլխավորում է հենց Եվրահանձնաժողովը, վերջինիս էլ աջակցում է EASA-ն՝ Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալությունը: Ցուցակը վերջին անգամ թարմացվել է նոյեմբերի 23-ին, ՀՀ-ում գրանցված բոլոր օդանավ շահագործողները՝ 8 ավիաընկերություն, այդ ցուցակում են:

 

Սեպտեմբերի 27-30-ին Եվրահանձնաժողովի ու EASA-ի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ քաղավիացիայի կոմիտե: Հյուրերը դիտարկել են, թե ինչ առաջընթացի է հասել ՔԱԿ-ը՝ նախկինում վեր հանված թերությունները վերացնելու հարցում: Եվրոպական կողմը, մասնավորապես, ուշադրություն է դարձրել, թե ՀՀ-ում գրանցված ավիափոխադրողներին արդյունավետ ձեւով վերահսկելու առումով ինչ քայլեր է արդեն կատարել եւ նախատեսում կատարել ՔԱԿ-ը: Ըստ Եվրահանձնաժողովի՝ ՔԱԿ-ի պարտավորությունների թվում են Անվտանգության պետական ծրագրի, Ավիացիոն պատահարների հաշվետվության համակարգի, Որակի եւ շահագործողների սերտիֆիկացման գործընթացի կառավարման համակարգի ներդրումը: 

Ամենակարեւոր շեշտադրումը, թերեւս, այն է, որ, ըստ Եվրահանձնաժողովի, 2020-ին Հայաստան կատարած գնահատողական այցի ժամանակ վեր հանված թերությունների վերացման հարցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեն հասել է «սահմանափակ առաջընթացի»: Այսինքն՝ եվրոպական կողմը ամբողջովին բավարարված չէ ՀՀ ավիացիոն իշխանությունների ձեռքբերումներով: Դրա ապացույցն է այն միտքը, որ չնայած գործողությունների պլան էր մշակվել ու գործարկվել, անհրաժեշտ է այդ պլանը կրկին բացել, վերանայել ու լրացուցիչ գործողություններ ներառել դրա մեջ, որպեսզի այն համապատասխանեցվի իր նշանակությանը: Սա կլինի EASA-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող տեխնիկական աջակցության առանցքային գործունեությունը:

Մեղմ ասած, սա լավ նորություն չէ մեզ համար եւ նշանակում է, որ ԵՄ «սեւ ցուցակից» դուրս գալու համար ՀՀ քաղավիացիոն իշխանությունները դեռ շատ ջանքեր պիտի գործադրեն:

 

Մանրամասները՝ «Հետք»–ում։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250