
Թուրքիան հաշվետու չէ Սիրիայի հյուսիսում և Իրաքում իրականացվող գործողությունների համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հյուսիսում և Իրաքում Թուրքիայի զինված ուժերի ռազմական գործողությունները «չպետք է» անհանգստացնեն ոչ մեկին, նրա խոսքով, այդ գործողությունների մասին Անկարան ոչ մեկին չի զեկուցի։
Նոյեմբերի 20-ից Թուրքիան օդային գործողություններ է իրականացնում Սիրիայի հյուսիսում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) սիրիական թևի դեմ: Հաղորդվում է, որ հարվածներ են հասցվել Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուսիսում: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը գործողությունն անվանել է հաջողված և չի բացառել, որ դրան կհաջորդի ցամաքային գործողություն։
«Թուրքիան հաստատակամ է իր հարավային սահմաններում 30 կմ խորությամբ անվտանգության գոտի ստեղծելու հարցում: Մենք կարիք չունենք որևէ մեկից թույլտվություն ստանալու մեր հայրենիքի և մեր ժողովրդի անվտանգությանն առնչվող քայլեր ձեռնարկելու համար, և մենք որևէ մեկին հաշվետու չենք լինելու»,- ասել է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է Anadolu գործակալությունը։
Էրդողանը նաև նշել է, որ անընդունելի է մի շարք երկրների կողմից Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) ահաբեկիչներին աջակցելը, որոնք «թաքնվում են PYD և YPG անունների հետևում Սիրիայի հյուսիսում, ինչպես նաև իրենց անվանում են «Սիրիայի դեմոկրատական ուժեր»:
«Թուրքիան չի հանդուրժի նրանց կեղծավորությունը»,- ասել է նա։
Նախագահ Էրդողանը նաև մեկնաբանել է թուրքական զինված ուժերի հարվածները Հյուսիսային Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների օբյեկտներին։ «Ոչ ոքի չպետք է անհանգստացնի Թուրքիայի ռազմական գործողությունները, որոնք ուղղված են անվտանգության ու խաղաղության ամրապնդմանը»,- ընդգծել է նա։
«Ոչ ոք չի կարող դատարկ սպառնալիքներով ստիպել մեր երկրին քաղաքական, դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում իր շահերին հակասող դիրք գրավել: Ոչ ոքի չպետք է մտահոգի արդարության, համերաշխության և դիվանագիտական նախաձեռնությունների վրա հիմնված Թուրքիայի քաղաքականությունը, բարեկամության և համագործակցության սկզբունքները»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։