Պաշտպանության նախարարությունը հայտարարություն տարածեց

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։

 

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները նոյեմբերի 22-ին՝ ժամը 10:35-14:30-ն ընկած ժամանակահատվածում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,– ասված է ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:

 

Նշենք, որ քիչ առաջ էլ Արցախի պԲ-ն հայտարարություն տարածեց, որում մասնավորապես ասված է․

 

 Նոյեմբերի 22-ին՝ օրվա ընթացքում երկրորդ անգամ, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ժամը 09:17-ից 14:48-ն ընկած ժամանակահատվածում, Պաշտպանության Բանակի ստորաբաժանումները տարբեր ուղղություններով խախտել են հրադադարի ռեժիմը և կրակ բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

 

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը։

 

Քննչական կոմիտեն սեպտեմբերի 30-ին հայտնեց, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունի 201 զոհ՝ 197 զինծառայող և 4 քաղաքացիական անձ, վիրավորվել է 293 զինծառայող ու 6 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

 

Հոկտեմբերի 4-ին Ադրբեջանը Հայաստանին վերադարձրեց 17 գերիների։

Քաղաքականություն

Պատահարներ