
Իրանը հայտարարել է ԱԹՍ-ների հարցով Ուկրաինայի հետ քննարկումների մասին

Մեկնաբանելով Ռուսաստանում իրանական նախագծով ռազմական անօդաչու թռչող սարքերի զանգվածային արտադրություն սկսելու մասին ամերիկյան թերթի պնդումները՝ ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունը հայտարարել է Իրանի և Ուկրաինայի փորձագետների ձեռնարկած կարևոր քայլերի մասին:
Իրանը հայտարարել է, որ փորձագիտական հանդիպում է անցկացնում ուկրաինացի փորձագետների հետ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքերի մատակարարման վերաբերյալ, որոնք Ռուսաստանն օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում։ Այս մասին հայտնել է իրանական IRNA գործակալությունը։
«Մինչ օրս կարևոր քայլեր են ձեռնարկվել Իրանի և Ուկրաինայի պաշտպանության ոլորտի մասնագետների համատեղ փոխգործակցության հարցով, և դա կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ թյուրիմացությունները չեն վերացվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իսկ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Նյու Յորքում ասել է, որ Իրանը կարծում է, թե «դրա հետ կապված թյուրիմացությունները կարող են լուծվել՝ շարունակելով Ուկրաինայի հետ շփումը ենթադրյալ անօդաչու սարքերի հարցով»։ Միաժամանակ, Իրանը հիշեցրել է, որ իրենք երկար տարիներ համագործակցել են Ռուսաստանի հետ պաշտպանության և գիտության ոլորտում, նույնիսկ մինչ ուկրաինական պատերազմը։ Նախկինում Իրանը բազմիցս հերքել է Ռուսաստանին անօդաչու սարքերի մատակարարումը։