Ի՞նչ է կատարվել Տնտեսագիտական համալսարանում. աշխատակիցը պատմում է

 Տնտեսագիտական համալսարանի Ինֆորամատիկայի եւ վիճակագրության ֆակուլտետի ուսանողներն ու դասախոսներն այսօր՝ նոյեմբերի 22–ին, սուր խեղդոցի զգացում եւ հազ են ունեցել, ինչից հետո ուսանողները, դասախոսներն ու վարչական աշխատողները  տարհանվել են։

Ֆակուլտետի աշխատակից Նարինե Սարգսյանը News-ի հետ զրույցում պատմեց, որ տարհանվելուց երկու ժամ հետո արդեն շենքում վտանգը վերացվել  էր, սակայն անվտանգությունից ելնելով բոլորին ուղարկել են տուն։

 

«Զգացի, որ սուր խեղդոց ունեմ  ու մեկ էլ նկատեցի, որ դեկանատի աշխատողները ու ուսանողները հազալով դուրս են գալիս դեկանատից ու լսարաններից։ Բոլորս միանգամից տարհանվեցինք, կարճ ժամանակ անց ԱԻՆ աշխատակիցներն ու ոստիկանները եկան։ Դուրս գալուն պես, մաքուր օդ շնչելով, մեր ինքնազգացողությունը լավացավ, տուժածներ չկան։ Շտապ օգնությունն էր նաեւ ժամանել, բայց բուժօգնություն ստանալու անհրաժեշտություն չունեինք։ Հիմա էլ վտանգը վերացվել է,  մեզ ասել են՝ գնացեք տուն, վաղը աշխատանքի կգաք»,–  պատմեց Նարինե Սարգսյանը։

 

Հիշեցնենք՝ այսօր՝ նոյեմբերի 22-ին, ժամը 10:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Պարույր Սեւակի թիվ 77 հասցեում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մասնաճյուղում, ուսանողների ինքնազգացողությունը վատացել է․ շենքում զգացվել է տարօրինակ հոտ: Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ Բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական եւ կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի քիմիկ-հետախույզների խումբը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տարահանվել են մոտ 400 ուսանող եւ 35 դասախոս։

Տեղում իրականացվել է օդի նմուշառում. չափիչ սարքերը վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել։ Այս պահին տեղում տարօրինակ հոտ չի զգացվում։

Քաղաքականություն

Պատահարներ