
ԵԱՀԿ առաքելությունն այցելել է Ջերմուկի դիրքեր

ԵԱՀԿ կարիքների գնահատման առաքելության պատվիրակությունն այցելել է Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաք։ Տեղեկությունը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Ջերմուկ համայնքի ղեկավար Վահագն Արսենյանը։
«Նախքան պաշտպանական դիրքեր բարձրանալը տեղի ունեցած հանդիպման ընթացքում (ներկա էին գեներալ-մայոր Սմբատ Գրիգորյանը և բարձրաստիճան զինվորականներ) նրանց ներկայացվել է սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ստեղծված իրավիճակը, քաղաքացիական ենթակառուցվածքներին հասցված վնասները, նաև վտանգները, որոնք առաջացել են ադրբեջանական ագրեսիայից հետո (նախկինում քաղաքից ադրբեջանական զորքերի հեռավորությունն ու ներկայիս գտնվելու վայրերը)»,– ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը հաջորդել է ներկայացված իրավիճակի փաստացի արձանագրումը՝ անմիջապես տեղում։ Պատվիրակությունն այցելել է պաշտպանական դիրքեր, Ջերմուկի ճոպանուղի, նաև քաղաքի տարբեր հատվածներ, կրած վնասների մասին ներկայացվող տեղեկատվությունը արձանագրվել է փաստերով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:
Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով հրադադարի ռեժիմ սահմանվեց, որը պարբերաբար խախտում է ադրբեջանական կողմը


։
