
Ռուսաստանում փոփոխություններ կլինեն միգրացիոն քաղաքականության մեջ

Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են փոփոխություններ կատարել օրենսդրության մեջ, որով կխստացվի միգրացիոն հսկողությունը: Այս մասին հայտնում է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը։
Ինչպես գրում է ТАСС-ը, Պատրուշևը Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնել է, որ իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին հանձնարարվել է բացահայտել միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների անդամներին, որոնք օգտագործում են միգրացիոն ուղիները ահաբեկչական գործողություններ և այլ հանցագործություններ կատարելու համար։
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով, հանդիպմանը զգալի ուշադրություն է դարձվել նաև օտարերկրյա քաղաքացիների սոցիալ-մշակութային հարմարվողականությանը, նրանց երեխաներին ռուսական հանրակրթական ծրագրերի ուսուցմանը։