«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան». մանրամասներ` հայկական արբանյակի վերաբերյալ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը և SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանը մանրամասներ ներկայացրեցին Հայաստանի՝ տիեզերք արձակված առաջին արբանյակի՝ «ArmSat-1»-ի մասին։ Ասուլիսի ընթացքում «Արմենպրես»-ը հետաքրքրվեց, թե Հայաստանի առաջին արբանյակի արձակումը ի՞նչ արդյունք է տվել, լուսանկարները կա՞ն, թե՞ ոչ, եթե այո, ապա ե՞րբ են դրանք հրապարակվելու։

 

«Արբանյակն աշխատում է, լուսանկարները կան, բայց չենք կարծում, որ ներկայումս կարիք կա այդ մասին բարձրաձայնել։ Կան պատճառներ։ Գիտենք, որ արբանյակը կա, գիտենք, որ աշխատում է, գիտենք, որ գործողություններ կատարում է։ Ովքեր կաշխատեն նախագծի հետ, նրանք կիմանան»,- պատասխանեց ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը։

 

«Արմենպրես»-ը նաև հետաքրքրվեց, թե արդյոք Հայաստանը աշխատում է «կուբսատներ» արձակելու ուղղությամբ։ Մանթաշյանը պատասխանեց, որ ԲՏԱ նախարարության ռազմավարությունը դեռ վերջանական հաստատված չէ, սակայն կարող է ասել, որ  հենց STARMUS-ի շրջանակներում ճշգրտվում են նախարարության առաջնահերթությունները։

 

«Նման նախագծերը պահանջում են պայմաններ, մենք այդ պայմանները պարտավոր ենք ստեղծել «կուբսատների» համար և ապահովել»,- նշեց Մանթաշյանը։

 

Տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող իսպանական SATLANTIS-ի համահիմնադիր և գլխավոր տնօրեն, գիտնական Խուան Թոմաս Հերնանն իր հերթին նշեց, որ այն ամենը, ինչ նախատեսվում է իրականացնել, երկրաժամկետ գործողություններով ծրագիր է։

 

«Արդեն առաջին քայլն արվել է, և արբանյակը արձակվել է տիեզերք։ Ամեն շաբաթվա կտրվածքով անում ենք նախատեսված գործողությունները, որովհետև տիեզերական գործունեությունը ենթադրում է հստակ ժամանակացույցով կատարվող քայլարշավ։ Առաջին քայլից հետո ունենք երկարաժամկետ պլանները, հաջորդ քայլը կլինի, մասնավորապես, հայկական արտադրության արբանյակների գործարանի ստեղծումը։ Ակնհայտ է, որ այս երկարաժամկետ և մեծածավալ ծրագրերը պետք է համադրելի լինեն մուտքային տվյալների և ռեսուրսների ներգրավման հետ»,- ասաց Հերնանը։

 

SATLANTIS-ի համահիմնադրի խոսքով՝  ծրագրի շրջանակներում հայ ուսանողներին ուղարկելու են Իսպանիա վերապատրաստման, նաև համատեղ հետազոտական նախագծեր են իրականացնելու հենց Հայաստանից արբանյակների հաշվարկային կառավարման ուղղությամբ։

 

«Այսինքն՝ տեսնում ենք, որ տարբեր նախաձեռնություններ կան և բոլորի սկզբնաղբյուրը հենց Հայաստանից է, բայց սա երկարաժամկետ ծրագիր է, և պետք համբերությամբ լցվել, արդյունաբերությունը նորից արթնացնել, որովհետև Հայաստանում թեև եղել են օպտիկայի և էլեկտրոնիկայի տիեզերական նշանակության նախագծեր և կարողություններ, այնուամենայնիվ, ոլորտը որոշ ժամանակ քնած էր. պետք է այն նորից արթնացնել»,- ասաց Հերնանը։

 

Համահիմնադիրը նշեց, որ հենց իրենց որոշումն է գալ Հայաստան և այստեղ աշխատել, որովհետև տեսնում են ներուժը։

 

«Այստեղ ինքնուրույնությունից ինքնավարության անցման քայլ է արվում ։ Այսինքն՝ դիսպետչերների կառավարման վահանակները, տվյալների կառավարման, ստացման և մշակման հնարավորությունները, գործարկումը, այդ բոլոր կարողությունները տեղ կունենան Հայաստանում։ Եվ սա համապատասխանում է Կառավարության քաղաքականությանը։ Մեծ օրը, կարևոր օրը սարերի հետևում չէ»,- եզրափակեց Հերնանը։

 

Քաղաքականություն