
Ինչ պայմաններում է Արմեն Գրիգորյանը պահվել Արմավիր ՔԿՀ-ում. Զառա Հովհաննիսյան

«Արմեն Գրիգորյանը գտնվում էր Արմավիր ՔԿՀ-ում։ Այստեղ առաջին խնդիրը պահման պայմաններն են»,- այսօր՝ «Ինչպե՞ս են պաշտպանվում կալանավորների՝ բժշկական ծառայությունից օգտվելու իրավունքները» թեմայով քննարկմանը անդրադառնալով պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի՝ մահվան դեպքին, ասաց իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը։
«Արմավիր ՔԿՀ-ն կառուցվել է համեմատաբար ավելի ուշ, այսինքն՝ դա սովետական ժառանգություն չէ, նախկին իշխանությունների ժամանակահատվածում է կառուցվել։ Կառուցվել է շատ վատ տեղում ՝ խոնավ է, ձմռանը շատ ցուրտ է, ամռանը՝ շատ շոգ։ Կառուցվել է շինարարական նորմերի տոտալ խախտումներով, որովհետև չկա օդափոխման համակարգ»,- նկատեց իրավապաշտպանը։
«Պատկերացրեք, ամռան այս շոգին, երբ ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է, գտնվել խցում առնվազն 23 ժամ։ Մեկ ժամ զբոսանք են տալիս, այն էլ համարյա թե արևի տակ»,- նշեց նա։