Թուրքիայում գնաճի դեմ պայքարի նոր ձև են սկսել

Թուրքիայի գանձապետարանի եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբաթին ասել է, որ կառավարությունը միջոցներ է ձեռնարկում երկրում բարձր գնաճի հետեւանքները վերացնելու համար։

Վիճակագրության ինստիտուտը երկուշաբթի տեղեկացրել էր, որ տարեկան գնաճը Թուրքիայում հունիսի արդյունքներով արագացել է՝ հասնելով 78,62 տոկոսի, մայիսի 73,5 տոկոսի փոխարեն։ Գնաճի հետազոտման խումբը (ENAG), որը ստեղծվել է գիտնականների եւ տնտեսագետների կողմից, հաշվի է առել նաեւ հունիսին սպառողական գների աճը Թուրքիայում. նրա տվյալներով՝ տարեկան գնաճը արագացել է 175,55 տոկոսի հասնելով՝ մեկ ամիս առաջվա 460,76 տոկոսի փոխարեն։ Խմբի տվյալներով՝ հունիսին սպառողական գներն աճել են 8,31 տոկոսով։

 

«Չնայած  մեր ձեռնարկած քայլերին՝ շարունակվում է հումքային ապրանքների համաշխարհային գների աճը, հատկապես էներգիայի եւ գյուղատնտեսական ապրանքների։ Ձեռնարկվել են բազմաթիվ միջոցներ՝ ԱԱՀ-ի նվազեցումից մինչեւ սուբսիդիաներ, կարգավորող/կարգավորվող գներ՝ գնաճի բացասական հետեւանքները վերացնելու նպատակով։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ»,- Նեբաթիի խոսքերը մեջբերել է Türkiye թերթը։

Նեբաթին կանխատեսել է 48-49 տոկոս գնաճ 2022թ. վերջի համար, 2023թ. համար նա սպասում է դրա նվազման՝ մինչեւ 19,9 տոկոս։ Նրա խոսքով՝  տոկոսադրույքի փոփոխություն կարճաժամկետ հեռանկարում չի դիտարկվում։

 

Անցած տարի, տոկոսադրույքի մի քանի իջեցումներից հետո, լիրայի փոխարժեքի անկումը կտրուկ ավելացավ, ինչը բացասական ազդեցություն ունեցավ երկրի ֆինանսական համակարգի վրա։ Տարեկան գնաճը ազգային արժույթի տատանումների ֆոնին այն ժամանակ ավելացավ՝ հասնելով 36 տոկոսի։

Թուրքիայի Կենտրոնական բանկն այս տարի տոկոսադրույքը պահում է անփոփոխ՝ 14 տոկոս մակարդակի վրա, իսկ լիրան աստիճանաբար թուլանում է. եթե հունվարի վերջին բորսայական փոխարժեքը կազմում էր մեկ դոլարը մոտ 13,5 լիրա, ապա փետրվարի վերջին՝ արդեն 14 լիրա, իսկ այժմ հասնում է 17 լիրայի։

Քաղաքականություն

Պատահարներ