
«Իմ գրության առթիվ հարուցվել է հերթական քրգործը». Թովմասյանը` ոեստիկանների գործողությունների մասին

Իմ գրության առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է հերթական քրեական գործը: Այս մասին գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Նա մասնավորապես գրել է.
«Մայիսի 17-ին ոստիկանության գործողությունների կապակցությամբ հերթական գրությունն էի հասցեագրել Հայաստանի գլխավոր դատախազին։ Ներկայցրել համապատասխան հղումներ` ոստիկանության ծառայողների կողմից ակցիա իրականացնող քաղաքացիներին բերման ենթարկելիս բռնի ուժի գործադրելու մասին։ Դատախազին էի ներկայացրել նաև ահազանգ առ այն, որ ոստիկանության ծառայողներն առևանգել են ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանին՝ չտալով որևէ օրինական հիմնավորում։
Խնդրել էի ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու դեպքի առնչությամբ նշված գրությունը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և հանձնարարել իրավասու մարմիններին՝ քննության առնել ոստիկանների գործողությունները և համապատասխան ընթացք տալ։
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից ստացել եմ գրություն, համաձայն որի փաստական տվյալներ են ստացվել, որ ոստիկանության պաշտոնատար անձինք, առերևույթ անցնելով իրենց պաշտոնեական լիազորությունները, բռնության գործադրմամբ՝ ձեռքերից և ոտքերից քաշելով բերման են ենթարկել խաղաղ անհնազանդության ակցիա իրականացնող՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Թադևոս Էդիկի Ավետիսյանին, որի հետևանքով վերջինիս պատճառվել է ֆիզիկական ցավ»,- գրել է պատգամավոր Թագուհի Թովմասյանը: