ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հանգամանքների բերումով Սյունիքում շատ խիտ ճանապարհային ցանց ենք ստեղծում. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց նախագիծ, որով  առաջարկվում է ֆինանսական միջոցներ հատկացնել ՀՀ պետական  բյուջեով նախատեսված պետական նշանակության  ավտոճանապարհների հիմնանորոգման միջոցառման շրջանակներում  2022 թվականին  իրականացվող  շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության համար:

Նախատեսվում է  վերաբաշխման միջոցով  ՏԿԵ  նախարարությանը հատկացնել  4 միլիարդ 750 միլիոն դրամ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ավարտական  փուլում են Մ2 միջպետական  նշանակության  ճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածը,  Մ2 միջպետական նաշանակության ճանապարհի Սարավան-Սարալանջ 16,9 կմ հատվածը, Վարդավանք-Խդրանց-Ագարակ  ճանապարհի 13,1 հատվածը, Մ11 միջպետական նշանակության  ճանապարհի  Մարտունի-Աստղաձոր5,9 կմ հատվածն ու ևս մի շարք ճանապարհային հատվածներ:

Փաշինյանն ասաց, թե  Սյունիքի մարզում ճանապարհների նորոգման հետ կապված  բավական մեծ ծավալ  կա. աշխատանքներն սկսվել են ու շարունակվում են:

Նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե պլանն այնպիսին է, որ Սյունիքում մինչև տարեվերջ  վարորդները կարողանան ուղևորվել Նորավանով, Լծենով դեպի Տաթև:

«Վերջնական տեսքով կունենանք եռաշերտ ասֆալտապատում, բայց այս պահին քննարկում ենք  այս տարի ամբողջ հատվածը երկշերտ  ասֆալտապատել, որը նորմալ երթևեկելի կլինի», - ասաց նախարարըՙ  նշելով, որ երրորդ շերտը կթողնեն հաջորդ տարվա համար:

Սանոսյանի խոսքովՙ  Մ2-ի Սիսիանի հատվածից մինչև Տաթև կլինի նոր ճանապարհ:

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն էլ ասաց, որ մարզում ճանապարհաշինարարական աշխատանքները լայ թափով են ընթանում, որոշակի խնդիրներ կան Տաթև-Աղվանի հատվածում, որը մոտ ապագայում կվերացվի:

Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե պետք է աշխատել պրոբլեմները վերացնել ու ճանապարհը բերել պատշաճ վիճակի:
«Մենք կունենանք շատ ավելի լավ, շատ ավելի արագընթաց ճանապարհ։ Կարծում եմ՝ Սյունիքի մարզի զարգացման համար շատ էական  նշանակություն կունենա: Հիմա մենք, հանգամանքների բերումով, Սյունիքում  շատ խիտ  ճանապարհային ցանց ենք ստեղծում, ինչը շատ կարևոր ներդրում է», - ասաց վարչապետը:

Քաղաքականություն