
Օգտագործում են իրական բանկերի լոգոտիպեր․ ինչպես են խաբում մարդկանց և գումարներ շորթում

«Կասպերսկի» ընկերությունը հայտնաբերել է մոբայլ բանկային տրոյական Fakecalls ծրագիրը, որը կարող է ձեռք գցել օգտատերերի զանգերը ֆինանսական կազմակերպություններ:
Ըստ ընկերության՝ վնասաբեր ծրագիրը նմանակում է հարավկորեական հայտնի բանկերի հավելվածները։ Չարագործները ֆինանսական կազմակերպության աշխատակիցների անվան տակ կարող են փորձել զոհերից իմանալ վճարային տվյալներ կամ այլ գաղտնի տեղեկատվություն: Ընկերությունը հայտնում է, որ երբ մարդը զանգահարում է բանկի թեժ գիծ, տրոյացին բացում է զանգի կեղծ էկրանը, իսկ հետո կամ զոհին կապում է անմիջապես չարագործի հետ, որը ներկայանում է որպես աջակցության աշխատակից, կամ քանի դեռ միացումն ընթացքի մեջ է, միացնում է կորեերեն կարճ ձայնագրություններ:
Ձայնագրությունը կարող է լինել, օրինակ, այսպիսին. «Բարև ձեզ, շնորհակալություն, որ զանգահարել եք մեր բանկ։ Մեր զանգերի կենտրոնն այժմ մշակում է զանգերի մեծ ծավալ։ Խորհրդատուն կկապվի ձեզ հետ առաջին հնարավորության դեպքում»։
Դա չարագործներին թույլ է տալիս շահել զոհերի վստահությունը և հետագա զրույցի ընթացքում նրանցից ստանալ արժեքավոր տեղեկություններ, ներառյալ՝ բանկային հաշվի մանրամասները: Տեղադրվելուց հետո Fakecalls հավելվածը պահանջում է բազմաթիվ թույլտվություններ, ինչպիսիք են կոնտակտներին, խոսափողին, տեսախցիկին, տեղորոշմանը և զանգերի կառավարմանը հասանելիությունը: Դրանց օգնությամբ վնասաբեր ծրագիրը կարող է անջատել մուտքային զանգերը և ջնջել դրանք սարքի պատմության միջից, օրինակ, եթե հաճախորդին փորձում է զանգահարել բանկի իրական ներկայացուցիչը: Չարագործներն օգտագործում են իրական բանկերի լոգոտիպերը և ցույց տալիս աջակցության իրական համարները, որոնք համընկնում են նրանց հետ, որոնք կարելի է գտնել բանկերի պաշտոնական կայքերում: Սակայն Fakecalls-ի հեղինակները հաշվի չեն առել, որ բանկի տարբեր հաճախորդներ կարող են օգտագործել միջերեսի (ինտերֆեյս) տարբեր լեզուներ, օրինակ՝ անգլերենը կորեերենի փոխարեն։
Տրոյացու էկրանը ցույց է տալիս միայն կորեական տարբերակը, և, համապատասխանաբար, որոշ օգտատերեր կարող են բացահայտել ծուղակը: «Մենք խորհուրդ ենք տալիս նոր հավելվածներ ներբեռնելիս ուշադիր ստուգել, թե ինչ թույլտվություններ են դրանք պահանջում: Եթե հավելվածը փորձում է ավելորդ հասանելիություն ստանալ սարքի վերահսկմանը, այդ թվում՝ զանգերի մշակմանը, հավանականություն կա, որ դա բանկային տրոյացի է»,- մեկնաբանում է «Կասպերսկի» ընկերության կիբեռանվտանգության փորձագետ Իգոր Գոլովինը։
Նման վնասաբեր ծրագրային ապահովման զոհ դառնալու ռիսկերը նվազեցնելու համար փորձագետները խորհուրդ են տալիս հավելվածները ներբեռնել միայն պաշտոնական խանութներից. դրանք անվտանգության առումով ստուգում են հավելվածները; ուշադրություն դարձնել, թե ինչ թույլտվություններ են պահանջում հավելվածները, և ստուգել, թե արդյոք դրանք իսկապես անհրաժեշտ են իրենց ճիշտ աշխատանքի համար։ Երբեք չտրամադրել գաղտնի տեղեկատվությունը հեռախոսով. բանկերի իրական աշխատակիցները հեռախոսազրույցում երբեք չեն խնդրում նշել մուտքանունը և գաղտնաբառը, PIN, СVC/СVV կամ SMS-ի կոդերը; տեղադրել հուսալի պաշտպանական լուծում բոլոր սարքերում, այդ թվում՝ մոբայլ։