Պայքարը շարունակվելու է քանի դեռ վտանգված է Արցախի կարգավիճակը․ Նվեր Կիրակոսյան
Երեկ հասարակության տարբեր շերտեր մոտեցել են մեզ, կիսել մեր մտագոհությունները, հայտնել իրենց զորակցությունը, մենք զգում ենք, որ հասարակության մի ստվար հատված կարիք ունի անկեղծ մղումների։ Այս մասին այսօր՝ ապրիլի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազատության հրապարակում արդեն 4-րդ օրը հացադուլ իրականացնող տղաներից Նվեր Կիրակոսյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է դադարեցնեն հացադուլը և շարունակեն իրենց պայքարը առանց հացադուլի, Նվեր Կիրակոսյանը պատասխանեց. «Պայքարը հանուն գաղափարի է և արժեքի, այդ պայքարը շարունակվելու է, քանի դեռ այդ արժեքը վտանգված է, այսինքն Արցախի կարգավիճակը։ Հացադուլը կդադարի, երբ այն դառնա ինքնանպատակ, այսինքն, երբ հավաքվի երիտասարդների այն կրիտիկական զանգվածը, որ կասի՝ ես տեր եմ մեր ժառանգությանը եւ պատրաստ եմ դրա համար անել գործողություններ, այսինքն չբավարարվել ստատուսներով: Այդ դեպքում կփաստենք, որ հացադուլն իր խնդիրը լուծել է: Հացադուլը գործիք է ուշադրություն սևեռելու ոչ թե մեր անձերի, այլ ազգային հարցերի վրա»։
Հիշեցնենք՝ երեկ պատերազմի սիմվոլ դարձած «խզված ձայնով» տղան՝ հրետանավոր Մնացական Ավետիսյանը միացել է Արցախն ու Հայաստանը պաշտպանելու համար մղվող պայքարին։ «Արցախի պետականությունը և մեր հայրենակիցների՝ պատմական հայրենիքում ապրելու, արարելու իրավունքը բացարձակ արժեքներ են: Կոչ եմ անում երիտասարդներին միանալ, մոբիլիզացնելու գաղափարները, տեր կանգնելու մեր հայրենիքին: Սպասում ենք 19:30-ին Ազատության հրապարակում»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։






























