ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևը շրջափակվա՞ծ է, թե՞ ոչ. Կլիչկոն հերքում է իր հարցազրույցը
Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի ղեկավար Վիտալի Կլիչկոն հանդես է եկել ուղերձով: Նա նշել է, որ Ռուսաստանը շարունակում է Ուկրաինայի դեմ պայքարը ոչ միայն ռազմական սպառազինությամբ, այլ նաև տեղեկատվության միջոցով:
«Նրանք ստեղծում են պետական պաշտոնյաների կեղծ էջեր, մանիպուլյացիաներ անում, ինչ-որ լեգենդներ են ստեղծում: Այսօր նրանք ստեղծեցին իմ Instagram-ի էջի կլոնը»,- ասել է Կլիչկոն՝ շարունակելով,- «Երեկոյան ռուսական ինտերնետ-հրատարակությունները ինձ հղումով տեղեկատվություն տարածեցին, թե իբր Կիևը շրջափակված է, և մարդկանց տարհանումն անհնար է։ Եվ զարմանալի է, որ դա սկսեցին տարածել ուկրաինական թելեգրամյան ալիքները։ Մի՛ հավատացեք ստերին: Վստահե՛ք միայն պաշտոնական աղբյուրներից ստացված տեղեկատվությանը:
Միասին, միասնական, մենք ոտքի ենք կանգնելու. Ուկրաինան հաղթելու է:
Փա՛ռք մեր բանակին, փա՛ռք քաղաքացիներին, Փա՛ռք Ուկրաինային»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական և ուկրաինական թելեգրամյան ալիքները հրապարակել էին Կլիչկոյի՝ Associated Press-ին տված հարցազրույցից հատված, որում, ըստ անգլալեզու կայքի հրապարակման, վերջինս հարցին, թե արդյոք պլաններ կան տարհանել խաղաղ բնակիչներին, եթե ռուսական ուժերին հաջողվի գրավել Կիևը, պատասխանում է. «Մենք չենք կարող դա անել, քանի որ բոլոր ճանապարհները փակված են։ Այժմ մենք շրջափակված ենք»: