ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քերոբյանը՝ շուկայական խնդիրների և թուրքական ապրանքների մասին
Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ավտոճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։
Այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Կրճատվել է ոչ թե 2020–ի համեմատ, որովհետև 2021-ին մենք 2020–ի համեմատ Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ ենք ունեցել և հասել ենք 500 մլն դոլարի սահմանաչափի։ Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան մենք պլանավորել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասաց Քերոբյանը։
Նշենք, որ 2022թ–ի հունվարի 19 –ին ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը լրագրողներին ասել էր, որ Գորիս–Կապան ավտոճանապարհին ստեղծված իրավիճակից Հայաստանը տնտեսապես չի տուժել։
Հիշեցնենք` Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել։
2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։