ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ էղան էդ պաշտոնյաները, որ ժողովրդի անվտանգության հետ խաղան․ Թաթոյան
Ադրբեջանական ատելության և թշնամանքի քաղաքականությունը շարունակվում է, այն չի նվազել, խաղաղարությունը կեղծ է։ Չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությանը ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով։ Այս մասին աշխատանքային գործունեությունն ամփոփող ասուլիսում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը։
ՄԻՊ-ի դիտարկմամբ՝ 44-օրյա պատերազմն արդյունք էր նաև ադրբեջանական իշխանությունների կողմից վարվող ինստիտուցիոնալ հիմքերով ատելության և թշնամանիք քաղաքականության՝ երկու հիմնական հենասյուներով՝ կրոնական և էթնիկ պատկանելության։ Արցախում տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան՝ էթնիկ զտումների արդյունք։ Ընդհանուր առմամբ այս ամենը տեղավորվում է ցեղասպան քաղաքակնության մեջ։
«Պատերազմի ընթացքում, պատերազմից հետո աշխատել ենք գիշեր-ցերեկ՝ համագործակցելով Արցախի մեր գործընկերոջ հետ՝ որպես մեկ միասնական օրգանիզմ, աշխատել ենք՝ հավաքագրելու համար բոլոր պատերազմական հանցանքների ապացույցները, մարդկության դեմ ուղղված հանցանքների ապացույցները»,- նշեց ՄԻՊ-ը։
Թաթոյանն արձանագրեց, որ Հայաստանում և Արցախում ադրբեջանական խախտումները բնույթով նույնն են։
«Այսօր էլ դրանք նույնն են, իսկ պատերազմի ընթացքում ինչ մեթոդներ էին կիրառում՝ ահաբեկիչների ներգրավվմամբ, արգելված զինատեսակներով, զանգվածային ոչնչացման քիմիական էլեմենտներ պարունակող զինտաեսակներով, կասետային արգելված զինատեսակներով, քաղաքացիական բնակավայրերն ուղիղ ավերելով»,- նշեց Թաթոյանն՝ ընդգծելով, որ դա սա ադրբեջանական թշնամանքի, ատելության քաղաքականությունն է՝ տարիներով կենսագործվող, ինչը նաև ադրբեջանական իշխանությունների ներքին քաղաքական կյանքի աղբյուր է։
ՄԻՊ-ն արձանագրեց, որ ներկայում էլ այս սպառնալիքները շարունակվում են Հայաստանի սահմանների հետ կապված խախտումներով, ապա, դիմելով հայրենակիցներին, ընդգծեց, որ երբեք որևէ հարցում չի ստել, որևէ տվյալ երբևէ չի կեղծել և ուզում է, որ նրանք իմանան, որ այս ադրբեջանական ատելության և թշնամանքի քաղաքականությունը շարունակվում է, այն չի նվազել, խաղաղարությունը կեղծ է։
«Ես խնդրում եմ, որ դուք՝ բոլորդ, մենք՝ բոլորս, պահանջենք այն պաշտոնյաներից, որոնք առանց երաշխիքների խոսում են նոր գործընթացների մասին՝ ներկայացնեն երաշխիքներ, հակառակ դեպքում, իմ համոզմամբ, նրանք խոսում են միայն քաղաքական շահերից ելնելով կամ, առնվազն, որոշ պաշտոնյաներ չեն գիտակցում, թե ինչ են խոսում։ Չպետք է թույլ տանք, որ մեր հասարակությանը ադրբեջանական իշխանությունները թմրեցնեն կեղծ խաղաղասիրական կոչերով, պետք է ունենանք մեր երաշխիքները»,-ընդգծեց ՄՒՊ-ը՝ պարզաբանելով, որ պատերազմ, թշնամանք որևէ մեկը չի ուզում, բայց չենք կարող ինքներս մեզ մոլորեցնել կամ թույլ տալով, որ մեզ համոզեն, որ այդ ամենն ավարտված է։
«Այդ ամենն ավարտված չէ, պետք է ունենանք մեր իրավունքների երաշխիքները և երբեք թույլ չտանք, որ մեր խնդիրները կոպիտ սխալների պատճառով բերեն հանգեցնեն պրոբլեմների և ասեն՝ անիրատեսական է լուծելը։ Այդքան ասում եմ՝ ադրբեջանական զինված ուժերը պետք է հեռանան ՀՀ գյուղերից ու ճանապարհներից, նրանց մեջ է խնդիրը, բայց ինչ են անում. հայտարարություններով առանձին պաշտոնյաներ օրինականացնում են նրանց ներկայությունը, ստեղծում խնդիրներ, հետո ասում՝ գիտեք ինչ կա, անիրատեսական է, ինչպե՞ս պետք է հեռանան։ Մենք ժամանակ չունենք, ժամանակը մեր դեմ է աշխատում»,- ընդգծեց ՄԻՊ-ը։