ՈՒԵՖԱ-ն արձագանքել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ռուսաստանից տեղափոխելու հնարավորությանը

ՈւԵՖԱ-ն պնդում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի վտանգի ֆոնին Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը Սանկտ Պետերբուրգից տեղափոխելու պլաններ չկան: 


«ՈՒԵՖԱ-ն ուշադրությամբ հետևում է իրավիճակին: Ներկա պահին հանդիպման վայրը փոխելու պլաններ չկան»,- նշված է ՈՒԵՖԱ-ի հաղորդագրության մեջ: 

Հիշեցնենք, որ նախօրեին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունն ու սուվերենությունը ճանաչելու հրամանագիր է ստորագրել: Պուտինի հրամանագրով՝ ՌԴ զորքերը այնտեղ խաղաղապահ պարտականություններ կստանձնեն: 

Հիշեցնենք՝ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը նշանակված է մայիսի 28-ին՝ Սանկտ Պետերբուրգի «Գազպրոմ Արենա» ստադիոնում: Ավելի վաղ միջազգային մամուլում տեղեկություն է տարածվել, թե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության ֆոնին ՈՒԵՖԱ-ին այլ տարբերակ չի մնում, քան եզրափակչի վայրը փոխելը: Հավանական անցկացման վայրերի թվում նշվում էր Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնը: