Անասնագլխաքանակը կրճատվել է 10-15 տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում էլ՝ անկում կա. փորձագետ

Հայաստանում անասնագլխաքանակը կրճատվել է 10-15 տոկոսով, գյուղատնտեսության ոլորտում էլ գրանցվել է 7 տոկոս անկում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը։
 

Նա հայտնեց, որ խոտի 1 հակը կրկնակի թանկացել է՝ մինչեւ 2500-3000 դրամ (մոտ մինչեւ 6 դոլար - խմբ.)։    

Փորձագետը պարզաբանեց, որ իրավիճակի վրա բացասաբար է ազդել 44-օրյա պատերազմը․ շատ արոտավայրեր անցել են հակառակորդի հսկողության տակ։
 

«Ինչ վերաբերում է գնին, ապա կառավարությունը լծակներ ունի եւ կարող է հավասարակշռել շուկայում իրավիճակը, օրինակ՝ ազդելով գերշահույթի (մոտ 400-500 տոկոս) վրա, որը ստանում են վերամշակող ձեռնարկությունները։ Կառավարությունը պետք է համապատասխան նորմեր մշակի եւ կիրառի դրանք»,- ասաց Բերբերյանը։
 

Նա հավելեց, որ գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է 7 տոկոս անկում։ «Սա գյուղատնտեսության նախարարության փակման արդյունքն է՝ չնայած նրան, որ ոլորտն ապահովում է ՀՆԱ-ի 10 տոկոսը (խորհրդային տարիներին 40 տոկոսի փոխարեն)։ Մեզ մոտ ֆերմերներին սուբսիդավորելու փոխարեն սուբսիդավորում են բանկերին ու էլ ավելի հարստացնում»,- եզրափակեց փորձագետը։

Քաղաքականություն