Ինչ նպատակով կօգտագործվի «Գոլդեն փելիս»-ը և ինչպես կտնօրիվի 5 միլիարդ դրամը. ՀԺ

Ինչպես երեկ հայտնել էինք, Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցային համալիրը վաճառվել է 5 միլիարդ դրամով: Հրապարակվել է նաև, որ գնորդը «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն է:

 

Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Առնակ Ավետիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ հյուրանոցը պահպանելու է իր նշանակությունը: «Շինությունը շարունակվելու է օգտագործվել որպես հյուրանոց, սակայն անվան հետ կապված փոփոխություն կլինի՞, թե՞ ոչ, չեմ կարող ասել»,- նշեց Ավետիսյանը:

 

Հարցին՝ կա՞ հստակ ժամկետ, որի սահմաններում պետք է հյուրանոցը կրկին գործարկվի, Ավետիսյանը պատասխանել է. «Առաջին տարվանից սկսված՝ ներդրումները պետք է արվեն: Առաջիկա 5 տարիներին 4,5 միլիարդի ներդրում պետք է արվի: Եթե չպահպանվեն ներդրումային պարտավորությունները, պետությունը կարող է տուգանքներ կիրառել, ինչպես նաև՝ շենքը հետ վերադարձնել»:

 

Կոմիտեի նախագահը նշել է նաև, որ վաճառքի 5 միլիարդ դրամը պետությանը գնորդը վճարելու է 5 տարվա ընթացքում՝ ամեն տարի 1 միլիարդ դրամ:

«Յուրաքանչյուր վճարումից 30 տոկոս կփոխանցվի Կոտայքի մարզի Ծաղկաձոր խոշորացված համայնքի բյուջե, ինչը ընդհանուր առմամբ կազմում է 300 միլիոն դրամ»,- նկատեց Ավետիսյանը:

 

Ծաղկաձորի համայնքապետ Նարեկ Հարությունյանն էլ լրատվականի հետ զրույցում պարզաբանել է, թե ինչպես է ծախսվելուվաճառքի 5 միլիարդ դրամը:

 

«Ունենք ոռոգման և խմելու ջրի խնդիր, ինչպես նաև՝ ասֆալտապատման: Գումարը նաև կուղղենք Ծաղկաձորի բարեկարգման, արտաքին տեսքի փոփոխմանը, որպեսզի էլ ավելի շատ տուրիստների հոսք ապահովենք մեր համայնք: Մտածում ենք սահադաշտ կառուցելու մասին, նոր հետաքրքիր ժամանցի վայրեր, որն էլ ավելի կհետաքրքրացնի անցկացրած օրերը Ծաղկաձորում»,- ընդգծել է համայնքապետը:

 

Նշենք, որ հյուրանոցը գնած «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն գտնվում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, զբաղվում է ալյուրի, ցեմենտի, տնտեսական ապրանքների մատակարարմամբ, ինչպես նաև՝ բեռնափոխադրումներով, սառնարանային տնտեսությամբ և ավտոսպասարկմամբ: ՍՊԸ-ի տնօրենը Նարեկ Նալբանդյանն է:

 

Հավելենք նաև, որ 2019 և 2020 թթ-ին պետությունն արդեն 6 աճուրդ էր կազմակերպել «Գոլդեն փելիս»-ի համար, սակայն հայտարարված բոլոր աճուրդներն էլ չէին կայացել հայտեր չլինելու պատճառով։ Առաջին անգամ աճուրդի մասին հայտարարվեց 2019 թ-ին: Գույքի աճուրդի մեկնարկային գինը կազմում էր 7 միլիարդ 526 միլիոն 457 հազար 800 դրամ: 

Հիշեցնենք՝ 2019 թ-ի սեպտեմբերի 26-ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։

Քաղաքականություն