
Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը»

Թուրքիայի խորհրդարանը վավերացրել է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության մասին «Շուշիի հռչակագիրը», գրում է Известия-ն՝ հղում տալով ադրբեջանական ԶԼՄ-ին:
Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 266, դեմ՝ 11 պատգամավոր։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ փաստաթուղթը բարձր է գնահատվել երկրի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։
Ավելի վաղ՝ փետրվարի 1-ին, Ադրբեջանի խորհրդարանն էր հաստատել «Շուշիի հռչակագիրը»։
2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրել են Դաշնակցային հարաբերությունների մասին «Շուշիի հռչակագիրը»։
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ կողմերը կհամագործակցեն պաշտպանական և ռազմական ոլորտներում, ինչպես նաև կցուցաբերեն փոխադարձ ռազմական օգնություն և օգնություն անվտանգության ոլորտում։