«Գնանք Ալիևին դիմե՞նք, դա էլ կանենք... այս ընթացքում 2 ծնող է մահացել՝ չտեսնելով իրենց երեխեքին». բողոքի ակցիա` կառավարության շենքի դիմաց

 Մենք ոչինչ չենք ուզում կառավարությունից, միայն թող վերադարձնեն մեր որդիներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 11-ին կառավարության դիմաց շիրակցի գերիների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ նշեց ակցիայի մասնակիցներից մեկը: Այս մասին գրում է News.am-ը:

 

«Արդեն 1 տարի 2 ամիս անցել է, դեռ իմ եղբայրը գերության մեջ է, չի վերադարձել: Ճիշտ է արդյունք կա, տղաները վերադառնում են, բայց ինձ համար արդյունք չկա, քանի որ իմ եղբայրը դեռ չի եկել: Արդեն 1 տարի 2 ամիս ձգում են, ասում են՝ վաղը, մի շաբաթից, մեկ ամսից եւ այլն: Նույն ակնկալիքով ենք եկել, որ մեկը մի պատասխան կտա, մի նորություն կասի, սպասենք, թե չսպասենք, հույսեր ունենանք, թե չունենանք: Էդ օրը գալո՞ւ է, որ տղաները գան տուն հասնեն: Մեր պահանջն է մեր տղաներին տուն բերեն: Բոլորի հետ էլ ուզում ենք հանդիպել, ով կարող է օգնել այս հարցում»,-ասաց նա՝ հավելելով, որ ամեն ամիս հնարավորություն լինում է հաղորդակցվել գերության մեջ գտնվող իրենց հարազատի հետ՝ ամսական մեկ նամակ եւ մեկ տեսաձայնագրություն են փոխանցում Կարմիր Խաչի միջոցով:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց. «Տղուս եմ ուզում, ուրիշ ոչ մի բան չեմ ուզում: Ինչքա՞ն կարելի է խաբել, ասել՝ էս ամիս, մյուս ամիս: Մենք մեր տղերքին ենք ուզում, ուրիշ ոչ մի բան:

 

Վարչապետի հետ հանդիպել ենք 6 ամիս առաջ, ասել են՝ 2 ամիս էլ համբերեք, լավ կլինի: Գնանք Ալիեւին դիմե՞նք: Դա էլ կանենք: Կգնանք կխնդրենք, որ մեր երեխեին տան մեզ: Այս ընթացքում երկու ծնող է մահացել՝ չտեսնելով իրենց երեխեքին»:

Նա նշեց, որ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանն իրենց փոխանցել է, որ պատրաստ է ընդունել երեք հոգու, բայց իրենք չեն համաձայնել. «Էսքան ճանապարհ եկել ենք, որ 3 հոգու հետ հանդիպե՞ն: Վարչապետի օգնականը երեկ մեզ հեռախոսով ասաց, որ վարչապետը չի ուզում մեզ տեսնել: Եթե մեզ չընդունեն, մնալու ենք այստեղ, նստացույցի»:

 

Նշենք, որ Շիրակցի գերիների հարազատները Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անցկացնում. Նրանք կառավարությունից պահանջում են վերադարձնել իրենց որդիներին։

 

Վերջին անգամ նրանք այստեղ ակցիա են անցկացրել Ամանորի գիշերը: Նրանց ձեռքին կային  անգլերենով պաստառներ. «Ադրբեջանը պետք է հարգի միջազգային իրավունքը», «Ազատություն հայ ռազմագերիներին»:

Այս մեկ տարվա ընթացքում 62 գերուց միայն 29-ն է վերադարձվել Հայաստան։

Հիշեցնենք՝ 44-օրյա պատերազմից հետո, Հադրութի շրջանի Խծաբերդ համայնքը հայկական վերահսկողության տակ էր, սակայն դեկտեմբերի 12-ին Ադրբեջանը հարձակում էր գործել Հին Թաղլար եւ Խծաբերդ համայնքների ուղղությամբ եւ գերեվարել 62 հայ զինծառայողի, որոնք Շիրակի մարզից էին։

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել փոխգնդապետ Արսեն Ղազարյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մասով, 356-րդ հոդվածի 3-րդ մասով, 376-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 380-րդ հոդվածի 1-ին մասով՝ ռազմական դրության պայմաններում ծառայության վարն ինքնակամ լքելու, ռազմական դրության պայմաններում հրամանը չկատարելու, ռազմական դրության պայմաններում ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերելու եւ մարտի ժամանակ մարտադաշտն ինքնակամ լքելու կամ զենքով գործելուց հրաժարվելու հատկանիշներով։

Քաղաքականություն