Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսը հայտնել է, թե այդ երկիրը քրիստոնեական պետություն է դարձել 313-ին, և ներկայացրել է «ապացույցներ»

Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Նասիմի Աղաևը Սուրբ Ծննդի պատվին թվիթերյան գրառում է արել՝ պնդելով, թե Ադրբեջանն ունի «հին քրիստոնեական ժառանգություն»:
 

«Այս Սուրբ Ծննդյան օրը եկեք նայենք հին ադրբեջանական քրիստոնեական ժառանգության այս գեղեցիկ պատկերներին: Քրիստոնեությունը Ադրբեջան է ժամանել 1-ին դարում՝ պետական ​​կրոն դառնալով 313 թվականին։ Այսօր հարյուր հազարավոր քրիստոնյաներ ապրում են խաղաղ և ազատորեն դավանում են Ադրբեջանում»,- գրել է նա՝  հրապարակելով Արցախում գտնվող հին հայկական տաճարների լուսանկարները։
 

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն այս առնչությամբ գրել է. «Այս կեղծ թվիթը պնդում է, որ գոյություն ունեն «ադրբեջանական քրիստոնեական եկեղեցիներ», և որ Ադրբեջանը քրիստոնեական պետություն է դարձել 313 թվականին»։

Նասիմի Աղաևի հրատարակած կոլաժը պարունակում է 9-րդ դարի հայկական Դադիվանքի (44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած) վանական համալիրի լուսանկարները, 10-րդ դարի հայկական Գանձասարի վանական համալիրը (Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջան), վաղ միջնադարյան հայկական Ծիծեռնավանքը Քաշաթաղի շրջանում (44-օրյա պատերազմի արդյունքներով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ) և XII դարի Սուրբ Եղիշե եկեղեցին (Քիշ գյուղ):

Քաղաքականություն

Պատահարներ