
Սպաներն ահազանգում են՝ իրենք էլ իրենց հասանելիք գումարը մասամբ ստացել և նախապես չեն էլ իմացել

Քիչ առաջ Պաշտպանության նախարարությունը անդրադարձավ Auroranews ահազանգած պայմանագրային զինծառայողների աշխատավարձի վերաբերյալ խնդրին։
Նախարարության հայտարարության մեջ նշվում էր․ «ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայողների դեկտեմբեր ամսվա աշխատավարձը փոխանցվել է միայն մասամբ, ինչպես նաև պնդումների, թե դա պայմանավորված է թերի ֆինանսավորմամբ, հայտնում ենք, որ աշխատավարձերի ֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չկա, իսկ պայմանագրայինների դեկտեմբեր ամսվա վարձատրության հետ կապված առկա է թյուրըմբռնում, քանի որ տվյալ վարձատրությունը ձևավորվում է երկու հիմնական գումարից՝ բուն աշխատավարձից և հավելավճարից, որը կախված է ծառայության պայմաններից և տեղանքից։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն:
Ըստ այդմ՝ զինծառայողների դեկտեմբեր ամսվա բուն աշխատավարձը լիարժեք փոխանցվել է, իսկ հավելավճարները, ըստ գործող կարգի, վճարվելու են հաջորդ ամսվա (տվյալ դեպքում՝ հունվարի) սկզբին, երբ կհաշվարկվի զինծառայողների ծառայության փաստացի օրերի քանակը։ Այսինքն՝ դեկտեմբեր ամսվա հավելավճարները, տվյալ դեպքում, կվճարվեն մինչև 2022 թվականի հունվար ամսվա 7-րդ աշխատանքային օրը»։
ՊՆ հայտարարությունից հետո Auroranews զանգահարեցին մի խումբ սպաներ, որոնք նշեցին, որ իրենք և իրենց վերադասներն էլ են կանգնած նման խնդրի առաջ․ «Նախորդ տարիներին այսպես չեն արել։ Հիմա կանգնել ենք խնդրի առաջ՝ ո՛չ նախապես ծանուցել են, ո՛չ էլ մեր հասանելիք ամբողջ գումարը տվել»։