
Վարչության պետերը, աշխատակիցները դիմում են գրում և հեռանում աշխատանքից. ինչ իրավիճակ է քաղաքապետարանում

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը դեռևս վերջնական որոշում չունի` կշարունակի աշխատել նոր քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հետ, թե ոչ։ Գրում է Sputnik Արմենիան:
«Որպեսզի աշխատանքը չտուժի, այս պահին դեռ պաշտոնավարում եմ, մինչև մամուլի նոր խոսնակ կամ վարչության նոր պետ նշանակվի։ Եթե միանգամից և՛ ես, և՛ խոսնակը հեռանայինք, մեր ոլորտում ցնցում կառաջանար»,- լրատվականի հետ զրույցում ասել է Կուբատյանը։
Նա նաև հաստատեց լուրերը, որ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելուց հետո քաղաքապետարանի մի շարք վարչության պետեր, ստորաբաժանումների ղեկավարներ աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
«Մարությանի հետևից աշխատանքից ազատվել են քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետը, տրանսպորտի վարչության պետը, «Երևան տրանս» ՓԲԸ-ի տնօրենը և ուրիշներ»,- ասաց Կուբատյանը և հավելեց, որ Հայկ Մարությանը մանդատը դեռ վայր չի դրել։
Թե ինչով են պայմանավորված քաղաքապետարանի աշխատակիցների զանգվածային հեռացումները, Կուբատյանը չմեկնաբանեց։
Հիշեցնենք` դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով։
Նույն օրը Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը Facebook–ի իր էջում հայտնեց, որ աշխատանքից ազատվելու դիմում է գրել։