Արմեն Գրիգորյանը մեկնաբանել է «միջանցքի» մասին լուրերին
Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության և ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ: Այս մասին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հանդիպմանը: Արմեն Գրիգորյանը նշել է, որ հանդիպումը Ջեյք Սալիվանի հետ եղել է արդյունավետ: Քննարկվել է Հայաստանի ու Միացյալ Նահանգների երկկողմ օրակարգը:
«Հայաստանի ժողովրդավարացման գործընթացը կարևոր անվտանգային գործոն է: Այդ օրակարգում շատ կարևոր դեր և նշանակություն ունի Հայաստանի ժողովրդավարացման շարունակական գործընթացը: Մենք քննարկել ենք, թե ինչպես կարող ենք շարունակել այդ գործընթացում մեր համագործակցությունը: Քննարկել ենք նաև տարածաշրջանում անվտանգային միջավայրին, ինչպես նաև տարածաշրջանում համագործակցությանը և տնտեսության զարգացմանը վերաբերող հարցեր»,-նշել է Արմեն Գրիգորյանը՝ հավելելով, որ Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանում կայուն համագործակցության եւ ընդհանուր ապաշրջափակման հնարավորությամբ:
Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքով այսպես կոչված «միջանցքի» մասին հաճախ հնչող հայտարարություններին, Ադրբեջանի կողմից առաջ քաշվող պահանջներին, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը նշել է, որ նման հարց չկա:
«Հայաստանը որևէ ժամանակ չի քննարկել «միջանցքի» վերաբերյալ որևէ հարց. դա ֆեյք թեմա է, որը բանակցությունների սեղանին չկա, բայց կա բանակցությունների սեղանից դուրս, ինչն ազդում է բանակցային գործընթացի վրա»,-ասել է ԱԽ քարտուղարը:
Արմեն Գրիգորյանը վաշինգտոնյան այցի շրջանակներում հանդիպում է ունեցել նաեւ կոնգրեսական Ֆրենք Փալոնի հետ, մասնակցել «Atlantic Council» վերլուծական կենտրոնում անցկացված քննարկումներին: Արմեն Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի ընկալումները տարածաշրջանային կայունացման և տարածաշրջանում համագործակցություն ստեղծելու վերաբերյալ:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակին, ապա ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները կարևոր են համարում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի շրջանակներում հիմնախնդրի երկարաժամկետ լուծման ուղիների շուրջ քննարկումներ սկսելու հանգամանքը: Հարցին, թե կարո՞ղ է գտնվել խնդրի լուծում, եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի նույն սկզբունքները մնան օրակարգում, որոնց մեջ են տարածքային ամբողջականության և ազգային ինքնորոշման իրավունքի սկզբունքները, և որոնք 25 տարի իրար հակասեցին ու խանգարեցին, Արմեն Գրիգորյանն ընդգծել է, որ հնարավոր է գտնել լուծում, եթե կա քաղաքական կամք:
«Այդ քաղաքական կամքը մենք ունենք և ակնկալում ենք, որ Ադրբեջանում ևս այդպիսի կամք կլինի, որպեսզի գտնվի երկարատև լուծում: Պատերազմից հետո շատ էր խոսվում, որ խնդիրը լուծված է, բայց ինչպես նշեցի, արձանագրված է ե՛ւ մեր ե՛ւ միջազգային հանրության կողմից, որ խնդիրը լուծված չէ: Մենք պիտի աշխատենք խնդրի լուծման ուղղությամբ»,-հավելել է Արմեն Գրիգորյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վրդովված է Եվրամիությունից. Հայաստանին՝ 2,6 միլիարդ դոլար, Ադրբեջանին՝140 միլիոն դոլար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անարդար է համարել, որ Եվրամիությունը նախատեսում է առաջիկայում Հայաստանին 2,6 միլիարդ դոլա...
Իրերն իրենց անունով կոչելու ժամանակն է. Արսեն Թորոսյանը՝ Հայկ Մարությանի մասին
Կառավարությունը հաճախ դիմադրության է հանդիպել Երևան քաղաքում ոլորտային փոփոխություններ անելու հարցում, սակայն համբերատար...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Բել ջան, խնդրում եմ արի վաղը, որոշել են տապալել նիստը, երևանցիները էս ձմեռ էլ կսառեն կանգառներում». ավագանու անդամ
Ավագանու անդամ Վահե Գևորգյանի ՝ ավագանու անդամների սաբոտաժ անելու հետ կապված, նոր բացահայտումների գրառման տակ գտել ենք ա...
Ադրբեջանը չի մասնակցում համաժողովին` հստակ ցուցադրելով իր իրական մոտեցումները. Պապիկյան
ԵԱՀԿ շվեդական նախագահությունը դեկտեմբերի 17-ին առցանց համաժողով է կազմակերպել՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևան...