«Մարդիկ նստում են թազա ավտոբուսը, մեր մոտ չեն նստում». ավտոբուսի վարորդներ
«Թող քաղաքապետը գա՝ իր հետ մեր հարցերը լուծենք»,- լրագրողների հետ զրույցում ասում են գործադուլ անող վարորդները՝ նշելով, թե ինչ հարցերի շուրջ են ուզում զրուցել Հայկ Մարությանի հետ: Հարցին, թե ինչո՞ւ որոշեցին հենց այսօր գործադուլ իրականացնել, պատասխանեցին, որ որոշումն անսպասելի էր: Վարորդների խոսքով՝ պատճառներից մեկը աշխատավարձերի կրճատումն է, իսկ այս նոր ավտոբուսները, որոնք այլ համակարգով են աշխատում, «խփում են իրենց գործին». «Մարդիկ նստում են թազա ավտոբուսը, մեր մոտ չեն նստում, իսկ մեր վրա պլան ա դրված»,- բողոքում են վարորդները՝ պահանջելով վերադառնալ վճարման նախկին համակարգին, երբ ուղեվարձից «սև» եկամուտ էին ստանում: Հիշեցնենք, որ վաղ առավոտից Երևանի քաղաքային տրանսպորտի վարորդները գործադուլ են անում Ջրվեժի ավտոբուսի պարկում՝ պահանջելով պայմանների բարելավում, մասնավորապես աշխատավարձի բարձրացում: Վարորդները պահանջում են հանդիպում քաղաքապետի հետ: |






























