
Գերիների վերադարձի գործընթացն ինտենսիվ ընթանում է. մարզպետ

Ունենալով եռամյա օրենսդրական փորձ՝ կփորձեմ իմ հմտություններն ու գիտելիքները բանեցնել ի օգուտ Շիրակի մարզի։ Կառավարությունում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը։
Հարցին, թե առաջին հերթին ինչ քայլեր է իրականացնելու, Նազելի Բաղդասարյանը նշեց, որ կարևոր է նախ խնդիրները գույքագրել.
«Շիրակի մարզը խնդիրներով լի մարզ է, ձեռնամուխ կլինեմ այդ հարցերի լուծմանը։ Կարծում եմ՝ հաջողելու մեծ հավանականություն ունեմ, որովհետև հիմնական խնդիրներին տիրապետում եմ»,-ասաց մարզպետը՝ վստահեցնելով, որ կարճ ժամանակահատվածում արդյունքները տեսանելի կլինեն։
Նազելի Բաղդասարյանը նշեց, որ նախկին մարզպետի հետ կապված քաղաքական թիմում որևէ դժգոհություն կամ այլ վերաբերմունք չկա, ինչի վառ ապացույցն էլ այն է, որ Շիրակի նախկին մարզպետն այժմ ՏԿԵ փոխնախարարի պաշտոնում է։
Անդրադառնալով Շիրակի մարզի գերեվարված 62 քաղաքացիներին՝ Նազելի Բաղդասարյանն ասաց, որ այս պահին վերադարձել են 29-ը, իսկ 33-ը դեռ գերեվարված են։
«Վերադարձի գործընթացը բավականին ինտենսիվորեն ընթանում է։ Իմ աշխատանքային առաջին օրը հանդիպել եմ գերեվարվածների ծնողների հետ։ Նախօրեին նույնպես այլ ձևաչափով հանդիպում է եղել»,-ասաց մարզպետը։