
Երեխա և դեռահաս տիկտոկերների մոտ նյարդային խանգարումներ են նկատվել. ԶԼՄ-ներ

Իսպանական մամուլը խոսում է հանրահայտ TikTok սոցիալական ցանցի երեխա և դեռահաս օգտատերերի շրջանում նկատվող նյարդային խանգարումների մասին: Այս մասին գրում է Эхо Москвы-ն՝ հղում անելով իսպանական Vanguardia թերթին:
Նշվում է, որ համավարակի սկզբից ի վեր ավելի մեծ թվով տիկտոկերներ են դիմում բժիշկներին կրկնվող թարթումների, հազի, ակամա ծամածռությունների, գլխի և մարմնի այլ մասերի ջղաձգվող ցնցումների գանգատներով:
Վերջերս, ինչպես թերթին հայտնել է Բարսելոնայի շարժման խանգարումների կլինիկայի ղեկավարը, բժիշկները եկել են այն եզրակացության, որ տուժածների մեծամասնությունը, առաջին հերթին, 10-ից 14 տարեկան աղջիկներ և դեռահասներ են։
Ախտանիշները հայտնվում են հանկարծակի. բժշկական համայնքում դրանք կոչվում են «TikTok-տիկ»-եր։ Այս համախտանիշը սրվել է համավարակի ժամանակ, երբ բժշկական ծառայությունների հասանելիությունը և տարբեր պաթոլոգիական դրսևորումների սկրինինգը շատ դժվար է։
Սթրեսը, որը հաճախ ուղեկցում է համավարակին, նույնպես սրում է իրավիճակը։
Մասնագետները խորհուրդ են տալիս երեխաների և դեռահասների ծնողներին վերահսկել սոցիալական ցանցում գրառումների բովանդակության օգտագործումը. անհրաժեշտ է, որ նրանք հասկանան իրենց սպառած բովանդակության իմաստը, քննարկեն այն տանը, դպրոցում և ֆորումներում:
Պարզաբանվում է, որ խոսքը ոչ թե օրգանական հիվանդության, այլ փսիխոգեն ու հոգեբանական ծագման ախտանիշների մասին է։ Բուժումն իրականացվում է ոչ թե դեղաբանական, այլ հոգեբանական գործիքներով, ինչպիսին է ճանաչողական վարքային թերապիան: Երբեմն խնդիրն ինչպես առաջանում է, այնպես էլ լուծվում է ինքնաբերաբար և արագ: Որոշ դեպքերում ավելի երկար բուժում է պահանջվում:
Հրապարակումն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ TikTok սոցիալական ցանցի ակտիվ օգտագործման արդյունքում նյարդային տիկն ավելի հաճախ է հանդիպում աղջիկների մոտ, քանի որ նրանք ավելի ինտենսիվ են օգտագործում ցանցերը։