Աշխատակիցները չեն պահպանել հիգիենայի կանոնները. մանրամասներ
Երևանում վերջին շաբաթվա ընթացքում սնունդից թունավորման երկրորդ դեպքն է գրանցվել։ Այս անգամ մանկական զարգացման կենտրոններից մեկում է դեպքը եղել ու ըստ տարածվող լուրերի՝ երեխաների շիլայի մեջ հավի միս է եղել։
ArmDaily.am-ը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանի հետ՝ պարզելու, թե վտանգավոր չէ այս օրերին հավի միս օգտագործելը։ Հարությունյանը նախ տեղեկացրեց, որ երեխաների շիլայի մեջ հավի առկայությունը պարզված չէ։ «Շիլան տրվել է լաբորատոր փորձաքննության, մեջը հավ եղել է, թե ոչ, դեռ պարզ չէ»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ այս դեպքը դեռ բացահայտված չէ, ուստի խոսելը շուտ է։
Անդրադառնալով «Տաշիր պիցցա» սննդի ցանցին՝ նշեց՝ միայն սնունդը համարել թունավորման պատճառ՝ սխալ է։ Սննդի տեսչական մարմնի աշխատանքների արդյունքում պարզվել է, որ հիվանդության բակտերիաներ կան նաև աշխատակիցների մոտ։ «Մենք գտել ենք թունավորման պատճառը, գնացել ենք դրա հետքերով ու գտել ենք ընկերությունները, որոնք ներկրում են հավն ու մոյոնեզը։
Այստեղից էլ ենք նմուշներ ուղարկել լաբորատոր փորձաքննության և սպասում ենք եզրահանգման, բայց չի կարելի թունավորման պատճառը միայն սնունդը համարել, աշխատակիցները հիգիենայի կանոններին ուղղակի չեն հետևել, եթե 9 աշխատակցի մոտ կա ստաֆիլակոկ, սա նշանակում է, որ օրինակ գնացել են զուգարան, չեն լվացվել, էլ ինչ ասեմ»,-ասաց նա։
«Տաշիր պիցցայի» Խանջյան և Հյուսիսային պողոտայի մասնաճյուղերի աշխատանքը կասեցրել է Սննդի անվտանգության տեսչական մարմինն ու վերջիններիս վերաբացման մասին որոշում կարող է կայացնել մարմինը։
Ինչպես Անուշ Հարությունյանն է պնդում՝ մասնաճյուղերը փակ կմնան այնքան ժամանակ, մինչև ամեն բան պարզվի։
«Տաշիր պիցցա» սննդի ցանցերի տնօրենն առաջիկայում հանդես կգա մամուլի ասուլիսով, որի ժամանակ կանդրադառնա վերջին օրերին կատարված դեպքերին և կհայտնի, թե երբ են վերաբացվելու սննդի ցանցի մասնաճյուղերը։ Այս մասին լրատվականին հայտնեցին սննդի ցանցի մարքեթինգային բաժնից։






























