Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում Սև լճում տեղի ունեցած միջադեպի մասին
Ադրբեջանական կողմը կեղծ տեղեկություններ է տարածում Սև լճում տեղի ունեցած միջադեպի մասին։ Մասնավորապես, ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը, անդրադարձել են նախօրեին Սև լճում տեղի ունեցած միջադեպին, հաղորդելով իբրև շրջափակման մեջ են վերցրել, ապա ազատել տասնյակ զինծառայողների։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե նոյեմբերի 9-ի կեսօրին հայկական զինված ուժերի 60 զինծառայող երկու ռազմական բեռնատարներով շարժվել են Սև լճի ուղղությամբ ու փակել ադրբեջանական բանակի դիրքեր տանող ճանապարհը՝ օգտագործելով մետաղական կառուցվածքներ։ Նշում են, թե այդ տարածքում կենտրոնացրել են լրացուցիչ անձնակազմ և մարտական տեխնիկա, շրջափակել 60 հայ զինծառայողներին ու ռուսական կողմի միջամտությամբ ազատ արձակել նրանց։
Թեմայի մասին «Փաստինֆո»-ն մեկնաբանություն է փորձել ստանալ նաև Պաշտպանության նախարարությունից, որտեղից հայտնեցին, որ շրջանառության մեջ դրված լուրերը, թե իբր ՀՀ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում ծեծկռտուք է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինվորականների միջև, բացարձակ սուտ է։ ՊՆ–ից հայտնեցին նաև, որ բացարձակ սուտ են նաև այն լուրերը, թե հայ զինծառայողներ են ընկել շրջափակման մեջ։ Իրադրությունը կայուն է և ամբողջությամբ գտնվում է հայկական ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության ներքո։
Տեղում ծառայություն իրականացնող զինվորականներից «Փաստինֆո»-ին պատմել էին, որ իրականում ադրբեջանցիներն են փորձել առաջանալ, ինչը կանխել են մերոնք ու սաստել նրանց նկրտումները։ Հնչել է մի քանի կրակոց, հայկական կողմը տուժածներ ու վիրավորներ չունի։






























