
Երեխաների պետպատվերով բուժումը դեռ չի իրականացվո՞ւմ․ նախարարությունը պարզաբանում է ընթացակարգը

Պարբերաբար ահազանգեր է ստացվում քաղաքացիներից, որ ԲԿ-ներում երեխաների պետպատվերով բուժումը դեռ չի իրականացվում։ Այս մասին գրում է ArmDaily.am-ն։
Լրատվականի հետ զրույցում Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը նշեց, որ պետպատվերով բուժում իրականացվում է հերթագրումով։
«Պլանային հիվանդանոցային բուժումը հերթագրումով է իրականացվում, եթե սահմանափակ է պետպատվերի գումարները»,- ասաց Բաբախանյանը։
Հարցին՝ որ եթե անհապաղ վիրահատություն կամ շտապ բժշկական միջամտության կարիք է լինում, որը պետք է պետպատվերով իրականացվի, այդ դեպքում ինչպես է կարգավորվում, բաժնի պետը նշեց, որ այդ պարագայում չի հերթագրվում այլ անմիջապես արվում է։
«Շտապը, կամ անհետաձգելի դեպքերը, երբ բժիշկն է որոշում, որ դրանք շտապ են, օրինակ պայթած կույրաղիք և այլն, բնականաբար իրականացվում է պետպատվերով, բայց պլանային դեպքերը հերթագրվում են»,- ասաց Բաբախանյանը։
Ավելի վաղ մենք անդրադարձել էինք պետպատվերով բուժման համար տրամադրվող գումարի բացակայությանը։ Մեզ նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը հայտնել էր, որ վերաբաշխումներ են իրականացվել է և վերաբաշխումներ են իրականացվում։
Մեր հարցին, թե արդյոք ավարտվել է գործընթացը՝ Բաբախանյանը պատասխանեց, որ այն ընթացքի մեջ է, և մինչև նոյեմբեր կշարունակվի։