
ՊՆ-ում էլ բոլորը չէ, որ ռազմական գործիչներ են․ «Հայաստան»-ը կրկին կառաջադրի Ղազինյանին․ Մանուկյան

Ազգային ժողովի մեծամասնությունը օրերս կրկին մերժեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին խորհրդարանի թեկնածությունը՝ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: Սա արդեն երկրորդ անգամն է, որ հանձնաժողովը ՔՊ-ական Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ չի ընտրում Ղազինյանին։
ArmDaily.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը ասաց, որ այս անգամ էլ առաջադրել են Արթուր Ղազինյանի թեկնածությունը, գրությունն էլ արդեն ուղարկվել է Պաշտպանության հանձնաժողով։
Հարցին, արդյոք այլ թեկնածու չեն ուզում առաջադրել, քանի որ հանձնաժողովի նախագահի տեղակալի չընտրությունը որևէ կերպ չի ազդում հանձնաժողովի աշխատանքների վրա, իսկ հանձնաժողովի իշխանական պատգամավորները դեմ են Ղազինյանի թեկնածությանը, Մանուկյանը պատասխանեց. «Իրականում հիմնավորված պատճառ էլ չկա մերժման, քանի որ Ազգային ժողովի կանոնակարգ օրենքով և Դոնթի բանաձևով փոխնախագահի պաշտոնը վերապահված է ընդդիմությանը և ընդդիմությունը իր գործառույթների շրջանակներում, օրենքի պահանջի համաձայն թեկնածու է առաջադրում»։
ՔՊ-ական պատգամավորների՝ Ղազինյանին չընտրելու պատճառներից է այն, որ նա հեռու է ռազմական գործից և չի կարող այդ հանձնաժողովի փոխնախագահ լինել։ Անդրադառնալով այս կարծիքին Մանուկյանը նշեց, որ հենց Պաշտպանության նախարարությունում էլ բոլորը չէ, որ ռազմական գործիչներ են։
«Եթե ուշադիր նայենք Պաշտպանության նախարարության կառուցվածքը, Պաշտպանության նախարարից ներքև՝ փոխնախարարի մակարդակով, պարզ կդառնա, որ պաշտպանական գերատեսչության կառավարումը ոչ միայն պաշտպանական ոլորտի մասնագետներ են, այլ նաև իրավաբաններ են, տարբեր այլ մասնագիտությունների տեր մարդիկ են։ Կարող եք նայել փոխնախարարների հաստիքացանկը, կենսագրությունը, ամեն ինչ պարզ կդառնա»,- ասաց Մանուկյանը։
ՔՊ-ական պատգամավորների համար Ղազինյանի թեկնածությունը անընդունելի է նաև այն պատճառով, որ խորհրդարանում տեղի ունեցած շշամարտի ժամանակ Ղազինյանը վարչապետ Փաշինյանի ուղղությամբ է շշեր նետել: Անդրադառնալով այս կարծիքին՝ Մանուկյանը նշեց. «Պարոն Ղազինյանը դրան հանգամանալից պատասխանել է, դրան հետևում էին Արթուր Ղազինյանի 3, 4 տարի առաջվա հարցազրույցները։ Միշտ պատճառաբանություններ կարող եք գտնել»։